Արդեն մեկ շաբաթ է՝ վարորդները միայն հատուկենտ լցակայաններում են վառելիք գտնում, այն էլ շեշտակի ավելի բարձր գնով՝ ընդհուպ 270 դրամով: Օրերի ընթացքում հեղուկ գազը թանկացել է ավելի քան 30 տոկոսով:
Իսկ հեղուկ գազ բերող վագոններն այդպես էլ Հայաստան չեն հասել: Ռուս-վրացական սահմանին բոլորովին վերջերս առատ ձյուն տեղաց, Վերին Լարսի անցակետը փակվեց, ու ընդամենը հաշված օրերի ընթացքում Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ առաջացավ:
Պաշտոնյաներն ու ներկրողներն ասում են, թե ճանապարհն արդեն անցանելի է, ու իրավիճակը մի քանի օրից կկարգավորվի:
«Այսօր սպասվում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը ևս տասնյակ մեքենաներ կմտնեն, և ես կարծում եմ, որ ուրբաթ օրվա դրությամբ կամ գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որ գներն էականորեն կիջնեն», - ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հեղուկ գազի շուկայում առաջացած դեֆիցիտի այս շրջանում, երբ տասնյակ հազարավոր վարորդներ լցակայանից լցակայան են գնում վառելիք գտնելու համար ու ավելի նյարդայնանում ցուցատախտակին հայտնվող գներից, Հայաստանում՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին նաև հայ գործարարները: «Ազատությունը» տեղում նկատեց նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան, մասնակցությունը հաստատեց նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը:
Անցած ամիսների ընթացքում հենց այս գործարարներն ու նրանց ազգականներն են Ադրբեջանից բենզին ներկրել: Երկաթուղային բեռնափոխադրումները տրանզիտով՝ Վրաստանի տարածքով են իրականացվում: Թե արդյոք երեկ ադրբեջանական պատվիրակության հետ նաև հեղուկ գազ ներկրելու հնարավորություններն են քննարկել, հայտնի չէ: Պաշտոնյաները նաև չեն բացահայտում՝ գործարարներից էլ ովքեր են Աղվերանում եղել, ինչ հարցերի են անդրադարձել, ու արդյոք պայմանավորվածություններ են ձեռք բերել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անուններ չտվեց, որ «նրանց բուլինգի չենթարկեն»:
«Գործարարների խմբի մասին, այո, գիտեմ՝ ովքեր են, բայց եթե իրենք հարկ կհամարեն, իրենք կհրապարակեն։ Ես դա, այդ թվում՝ ձեզ հայտնի պատճառներով՝ մարդկանց բուլինգի որոշ լուսանցքային խմբակների կողմից չենթարկելու համար, եթե չի հրապարակվել, ուրեմն չի հրապարակվել», - ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Վարչապետը շատ մանրամասներ չհայտնեց, միայն տեղեկացրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների ցանկեր են փոխանակել՝ մի բան, ինչի մասին դեռ ամիսներ առաջ էին հայտարարել: Թե երբ կակտիվանա առևտուրը, երբ նաև Հայաստանն Ադրբեջան ապրանքներ կարտահանի, ժամկետներ չկան:
Աղվերանի հանդիպումից հետո մանրամասներ չի հայտնում նաև Բաքուն, բանակցություններից մեկ օր անց պարզ չէ, թե ադրբեջանցի որ գործարարներն են Հայաստանում եղել:
«Հիմա գործնականում արգելք և որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ, և որևէ մեկի համար հեշտ չէ ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել, և ես համոզված եմ, որ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն», - ասաց նա:
Մինչ Փաշինյանը լավատեսական հայտարարություններ է անում, այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առևտրային սալդոն գրեթե 100 տոկոսով Ադրբեջանի օգտին է. ըստ Բաքվի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան Ադրբեջանից արդեն շուրջ 6 միլիոն դոլարի ապրանք՝ բենզին ու վառելիք է ներկրել: Հայկական կողմն առայժմ վիճակագրություն չի հրապարակել:
Ի դեպ, վերջերս ադրբեջանական տվյալներում նաև Հայաստանից Ադրբեջան ներկրման մասին մի տող հայտնվեց՝ 1000 դոլարից ցածր ընդհանուր արժեքով, սակայն, ինչպես հենց Բաքուն պարզաբանեց, 960 դոլարի հետևում Նիդերլանդներից ներկրած վարդեր են, որոնք հայկական ծագման են, այսինքն՝ մինչ այս պահը դեպի Ադրբեջան ուղիղ բեռնափոխադրում տեղի չի ունեցել:
Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ հայտնեց, թե արտահանվող ապրանքները կարող են լինել, օրինակ, հայկական ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգն ու բանջարեղենը, տարբեր խմիչքները, կենդանիները և այլն: Շաբաթներ առաջ էլ նա տեղեկացրեց, թե ադրբեջանական կողմը հետաքրքված է փայլաթիթեղով: Նախարարն այժմ վերահաստատում է՝ ապրանքացանկը նույնն է, և հետագայում առևտուրը հենց դրանց շրջանակում կլինի:
Խորհրդային Միության շրջանում մեկ ընդհանուր տնտեսության մաս կազմող երկրների միջև մատակարարումների շղթան այսպիսին էր՝ Հայաստանը, ադրբեջանական վառելիքն օգտագործելով, Միության երկրներ էլեկտրական սարքավորումներ, սինթետիկ նյութեր էր մատակարարում, ցանկը շարունակելի է: Խորհրդային Միության փլուզումից հետո ավելի քան երեք տասնամյակ առևտրային կապեր չունենալով՝ Ադրբեջանը դարձյալ վառելիք է Հայաստան արտահանում, իսկ Հայաստանը՝ դեռ ոչինչ:
Ի դեպ, տնտեսական զարգացման պատասխանատու Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը ո՛չ մասնակցել էր Աղվերանի հանդիպմանը, ո՛չ էլ մանրամասներին էր ծանոթ: