Գազայի հատվածի պաշտոնական աղբյուրների համաձայն, պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանվորվածության մասին հայտարարությունից ի վեր Իսրայելը շարունակել է հարվածները, որի հետևանքով առնվազն 73 մարդ է սպանվել, ավելի քան 200-ը վիրավորվել։
AFP-ն, մեջբերելով Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության հաղորդագրությունը, նշում է, որ զոհերի թվում կա 20 երեխա, 25 կին։
15 ամիս տևած հակամարտությունից հետո չորեքշաբթի օրը Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդների փոխանակման համաձայնություն է ձեռքբերվել Իսրայելի և «Համասի» միջև, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։
Համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար, իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և պատանդների ազատ արձակում պաղեստինցի գերիների դիմաց:
Հրադադարը կնքվել է Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ ԱՄՆ-ի աջակցությամբ ամիսներ տևած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից առաջ: