Մատչելիության հղումներ

Գազայի պատերազմի տարելիցին Իսրայելը հայտարարում է՝ կանգ չի առնելու


Լիբանան - Իսրայելը հերթական հարվածն է հասցնում Բեյրութին, 6-ը հոկտեմբերի, 2024թ.
Լիբանան - Իսրայելը հերթական հարվածն է հասցնում Բեյրութին, 6-ը հոկտեմբերի, 2024թ.

Գազայում չավարտվող պատերազմի տարելիցին իսրայելական կողմը Լիբանան հավելյալ զորքեր ուղարկելու մասին է հայտարարում։ «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները ոչնչացնելու նպատակով Լիբանանի հարավում սկսված ցամաքային գործողությունը շարունակվում է արդեն մեկ շաբաթ։

Մինչ իսրայելական կողմը «Հեզբոլա»-ի կրած վնասներն է ներկայացնում՝ ավելի քան 2 հազար վերացված ռազմական թիրախ, սպանված հարյուրավոր զինյալներ՝ այդ թվում հրամանատարներ, ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը վստահեցնում է՝ ի վիճակի են դիմակայել։

Այսօր տարածած հաղորդագրությամբ «Հեզբոլա»-ն մեկ տարի առաջ այս օրը «Համաս»-ի զինյալների հարձակումը Իսրայելի վրա «հերոսական» է որակում ու վստահեցնում, թե այն պատմական ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա։

2023-ի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ը Գազայի հատվածից տարբեր ուղղություններով հարձակվելով մոտ 1200 իսրայելցու սպանեց՝ հիմնականում խաղաղ բնակիչների, 251 մարդ էլ գերեվարվեց։ Հաջորդ օրն իսկ Իսրայելի դեմ երկրորդ ճակատն արդեն «Հեզբոլա»-ն բացեց:

Այսօր Իսրայելում տարելիցի միջոցառումներ, ակցիաներ են ընթանում․ շատերն իրենց հարազատներին «Նովա» երաժշտական փառատոնի ընթացքում կորցրին, հարձակումից առաջ երիտասարդներն այնտեղ պարում, զվարճանում էին:

Վայրը գիշերվանից մարդաշատ է, սպանվածների բարեկամներն այսօր այնտեղ էին․

«Մինչև հիմա տեղի ունեցածին չենք հավատում, սա մղձավանջ է, որը չի ավարտվում... »:

«Մենք մեր որդուն ենք կորցրել, նա այստեղ էր, նրան սպանել են 9:20-ին, չենք հավատում, որ մեկ տարի անցավ, կարծես երեկ էր, որ վերջին անգամ տեսանք նրան... »:

Չնայած հրադադար հաստատելու բազմաթիվ կոչերին՝ մեկ տարի առաջ բռնկված պատերազմը վերջին շաբաթներին ավելի ընդլայնվեց:

Իսրայելը հայտարարում է՝ չի կանգնելու, քանի դեռ «Համաս»-ի կողմից բոլոր գերեվարվածներին տուն չեն վերադարձրել, Լիբանանի ուղղությամբ էլ նպատակը սահմանամերձ հատվածներում «Հեզբոլա»-ի ռազմական ենթակառուցվածքները վերացնելն է․ իսրայելական կողմի պնդմամբ, խմբավորումը հենց սահմանամերձ բնակավայրերից է մի ամբողջ տարի գրոհել՝ այդ շրջաններում բնակվող իսրայելցիներին ստիպելով հեռանալ իրենց տներից։

Կողմերն այսօր էլ միմյանց ուղղությամբ օդային հարվածներ են հասցրել, Լիբանանի իշխանությունները հայտնում են՝ իսրայելական հարվածից առվազն տասը հրշեջներ են մահացել։ «Հեզբոլա»-ն էլ Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Հայֆան է թիրախավորել, վիրավորներ կան:

Գազայում ու Լիբանանում խաղաղ բնակչության շրջանում զոհերը տասնյակ հազարներով են հաշվվում։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 41 հազար մարդ է սպանվել, վիրավորվել է գրեթե 100 հազարը։ Լիբանանի տարբեր հատվածներում իսրայելական կողմի հարվածներն էլ արդեն ավելի քան հազար մարդու կյանք են խլել։ Անմեղ մարդկանց սպանելու մեղադրանքներին զուգահեռ, Թել Ավիվը շարունակ պնդում է՝ ահաբեկչական խմբավորումներն են անզեն քաղաքացիներին որպես կենդանի վահան օգտագործում՝ նրանց հետ նույն վայրում տեղակայվելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG