Մատչելիության հղումներ

Գազայի հատվածին իսրայելական հարվածներից առնվազն 10 մարդ է զոհվել․ Reuters


Գազայի հյուսիսային հատվածի բնակավայրերից մեկն իսրայելական հարվածներից հետո, 18-ը դեկտեմբերի, 2024թ․
Գազայի հյուսիսային հատվածի բնակավայրերից մեկն իսրայելական հարվածներից հետո, 18-ը դեկտեմբերի, 2024թ․

Առնվազն 10 մարդ է սպանվել, այդ թվում՝ հինգ լրագրող, ավելի քան մեկ տասնյակը վիրավորվել հինգշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարությունը։

Բժիշկները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել՝ նշելով, որ շատ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ լրագրողները զոհվել են Գազայի կենտրոնական Նուսեյրաթ քաղաքի Ալ-Աուդա հիվանդանոցի մոտակայքում՝ նրանց մեքենային հասցված հարվածից։ Նրանք բոլորն էլ Al-Quds Al-Youm հեռուստաալիքի աշխատողներ էին։ Ըստ պաղեստինյան լրատվամիջոցների՝ լրագրողների մեքենան տարբերանշան է ունեցել և այն օգտագործվում էր հիվանդանոցից և Նուսեյրաթ ճամբարից տեղեկություններ հաղորդելու համար:

Իսրայելական բանակը հայտնել է, որ իր օդուժը «նպատակային է թիրախավորել» մեքնենան, քանի որ, ըստ իրենց, ներսում եղել են «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորման անդամները:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով ավելի քան 45 հազար 361 պաղեստինցի է զոհվել, չորեքշաբթի օրը հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG