Գազայի առողջապահության նախարարը հայտնել է, որ վերջին 48 ժամում նվազագույնը 130 պաղեստինցի է սպանվել իսրայելական հարվածների հետևանքով։ Վիրավորները ավելի քան 260-ն են։
Չնայած հունվարին հաստատված հրադադարին՝ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց օդային հարվածները Գազայի ուղղությամբ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ն էլ հայտարարեց՝ պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։
Երկու օր առաջ էլ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածում ցամաքային գործողությունները վերսկսելու մասին։
Մարտերը Գազայում վերսկսվել են նախորդ հրադադարի պայմանավորվածությունից երկու ամիս անց։ Հունվարի 15-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակում «Համաս»-ն առաջին փուլով վերադարձրել է ավելի քան 30 իսրայելցի պատանդների՝ իսրայելական բանտերից մոտ 2 հազար պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։