Մատչելիության հղումներ

«Գազ չկա»․ ինչպես առաջացավ դեֆիցիտը Հայաստանում

Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է: Լցակայաններում վարորդներին պատասխանում են՝ չունեն, կետերից մեկում նույնիսկ աշխատակիցներ չկային, քաղաքացիները ստվարաթղթի մի կտոր էին տեսնում, վրան գրված՝ «գազ չկա»:

Այսօր ցերեկը Երևանի մի քանի լցակայանում վառելիք փնտրեցինք ու չգտանք, խոշոր ցանցերից մեկն, օրինակ, այս օրերին հեղուկ գազ է վաճառում միայն նախապես գնված կտրոններով: Այլ տարբերակով չի ստացվի:

Ի վերջո, հեղուկ գազ գտանք կենտրոնին մոտ մի լցակայանում, Ռուսաստանից վառելիքը տեղափոխող բեռնատարը նոր էր տեղ հասել, ու գոնե այստեղ մոտ 2 օր հեղուկ գազ կլինի: Մեկ լիտրը 255 դրամով էին վաճառում, մեքենաների երկար հերթեր առաջացան:

Մի քանի օրում հեղուկ գազը թանկացել է առնվազն 50-70 դրամով:

«Ոչ մի տեղ չկա, մենակ էստեղ կա, սաղ կալոնկաները փակ են: Թե չկա, թե չեն բացում, չեմ իմանում», - ասաց քաղաքացիներից մեկը:

Տղամարդու հարցադրումն արդեն մի քանի օր շարունակ հուզում է տասնյակ հազարավոր վարորդներին՝ ինչո՞ւ հեղուկ գազ չկա: Թեև վառելիքը մի քանի օրում շեշտակի թանկացավ, իսկ լցակայաններն էլ մեկը մյուսի հետևից դատարկվեցին, կառավարությունից մինչ այս պահը պարզաբանումներ չեն ներկայացրել՝ ո՞րն է պատճառը: Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի հետ այսօր կապ հաստատել չստացվեց:

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային անցակետը վերջին օրերին դարձյալ եղանակային պայմանների պատճառով փակվեց, բեռնատարները մնացին ճանապարհին, մի քանի օրում Հայաստանում հեղուկ գազի պաշարները գրեթե սպառվեցին: Երկու օր առաջ, սակայն, վրացական կողմը հայտնեց՝ ճանապարհը բաց է, սակայն սահմանափակումներ էլ կան՝ սահմանված հատվածներում բեռնատարները միայն թունելներով կարող են անցնել: Վրաստանի բնակավայրերից մեկից մինչև Չեչնիա ձգվող շուրջ 300 կիլոմետրանոց ճանապարհատվածով անցնող 5 տոննայից ավելի ծանր քաշով բեռնատարների ու ավտոբուսների համար երթևեկության ավելի խիստ կանոններ են սահմանվել:

Հեղուկ գազ ներկրող ընկերություններից մեկի ղեկավարը տեսախցիկի մյուս կողմում պատմեց, որ այս պահին հայկական բազմաթիվ բեռնատարներ են մնացել ճանապարհին, հերթեր են գոյացել և՛ Հայաստանից Ռուսաստան, և՛ հակառակ ուղղությամբ ճանապարհին: Վառելիքի դեֆիցիտի հարցը կկարգավորվի, երբ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները տեղ հասնեն, ասաց նա: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ շուկայում դեֆիցիտը գուցե առաջիկա օրերին կարգավորվի: Ցածր գներ սպասել, սակայն, կարծես, չարժե. մեր զրուցակցի խոսքով՝ լոգիստիկ խնդիրներից զատ, թանկանում են նաև ինքնարժեքի վրա ազդեցություն ունեցող այլ բաղադրիչները:

Հայաստանը հեղուկ գազ հիմնականում Ռուսաստանից է ձեռք բերում, Իրանից ներկրումն ավելի փոքր ծավալներով է. Լարսը դժվարանցանելի էր նաև այս տարեսզբին, իրավիճակը նույնն էր՝ վառելիք չկար, լինելու դեպքում էլ զգալիորեն թանկ էր՝ ընդամենը մի քանի օրում գինը 180-190 դրամից 240-ի հասավ:

Հենց այդ շրջանում, երբ դժգոհության ալիք էր բարձրացել, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս»:

Պապոյանի այս գրառումից հետո երեք ամիս է անցել, առայժմ երկաթուղով հեղուկ գազ Հայաստան չի տեղափոխվել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG