Մատչելիության հղումներ

Գառների պահանջարկ կա, բայց հոտն արոտ տանող հովիվ չկա․ ի՞նչ լուծում ունի կառավարությունը


Շիրակի մարզի Բասեն գյուղը
Շիրակի մարզի Բասեն գյուղը

Բասեն գյուղի սյան վրա ամեն օր փոխվող հովիվների հերթացուցակն է կախվում։ Մշտական հովիվ չունեն, այդ պատճառով էլ գյուղի տղամարդկանց ցուցակն են կազմել, որ ամեն օրը մեկը հոտն արոտ տանի։

Հերթացուցակը կազմվել է ըստ անասնագլխաքանակի՝ ով շատ ունի, ուզի-չուզի մի քանի օր պետք է հովվի դերը ստանձնի։

«Ես 30 հատ ունեմ 3 օր եմ լինում, 10 հատը` 1 օր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Հայաստանի գյուղերում վերջին տարիներին հովիվների պակաս է նկատվում։ Բասենում ասում են՝ նույնիսկ ամեն անասունի դիմաց 12 հազար դրամ վարձատրությունը չի համոզում, որ մարդիկ այդ գործն անեն։ Ստիպված գյուղացիներն իրենք են հերթ կազմում ու հերթով ոչխարներին արոտ տանում։ Որոշ համայնքներում հերթացուցակը նույնիսկ համայնքապետարանի կայքում են տեղադրում։

Ինչն է պատճառը, որ գյուղերում հովիվ չկա

Բասենցիները խոսում են ոչխարաբուժության խնդիրներից
Բասենցիները խոսում են ոչխարաբուժության խնդիրներից

Ոչխարներին արոտ տանելու համար մեկ ոչխարի դիմաց հովիվը 4 հազար դրամի փոխարեն 6 հազար դրամ է պահանջում։ Գյուղացին հաշվարկ է անում՝ ձեռքի չի տալիս։

Ոչխարի հատկապես գառների պահանջարկ կա։ Այստեղ էլ դժգոհում են, թե գալիս գյուղ են հասնում էժան գնով են տանում։

«Պահանջարկ կա, պահանջարկը՝ ձրին է։ Մեր ուզած գինը չի էդ պահանջարկը։ Մեկ գառը կլինի 60 հազար, 70 հազար, իսկ 20 կգ միս տվող գառը մեզնից տանում են 35 հազար դրամ։ «Չես տա, չեմ տանի»։ Պիտի սալյարկա առնեմ, ուզում-չուզեմ տալիս եմ, որ սալյարկա առնեմ, որ հաջորդ տարի սոված չմնամ», - դժգոհեց գյուղացիներից մեկը։

Ոչխարաբուծության զարգացման ծրագիր վերջերս կառավարությունը հաստատեց։ Վարչապետը կառավարության նիստերից մեկում հենց այս խնդրից խոսեց։ Ծրագրեր ներդնում են, բայց պարզվում է, որ տեղում ոչխաների գլխաքանակը չի աճում։ Գյուղերում շրջելիս Նիկոլ Փաշինյանն իր համար անսպասելի բացահայտել է հիմնական պատճառը՝ հովիվ չկա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան


«Մասնավորապես գառների արտհանումն ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է, և երբ որ ես ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գլխաքանակ չի ավելանում, լսեցի ինձ համար հնարավոր ամենաանսպասելի պատասխանը՝ ասացին, որ հովիվների պրոբլեմ կա», - նշեց Փաշինյանը։

Պատճառը գտան, բայց այդպես էլ լուծման տարբերակներ չեղան գործադիրում։ Իսկ բասենցիները կարծում են՝ ոչխարաբուծությունը եկամտաբեր կդառնար, եթե բուրդն էլ կարողանային իրացնել, հիմա կա՛մ թափում են, կա՛մ այրում՝ բրդյա վերմակներն ու ներքնակներն այլևս մոդա չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG