Մարտն ավարտվել է տասն օր առաջ ու արդարադատության նախարարի խոստացած նոր նախագիծը չկա: Սահմանադրության նախագիծն՝ ըստ Սրբուհի Գալյանի, արդեն պետք է հրապարակված լիներ:
Ե՞րբ են հրապարակելու, նախարարությունից նոր ժամկետ հրաժարվում են նշել: Այս փուլում հստակ տեղեկատվություն չեն կարող հաղորդել, «Ազատությանը» հայտնել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակը. «Սահմանադրության տեքստը պատրաստ է, և ներկայումս շարունակվում են դրա շուրջ մասնագիտական քննարկումները»։
Սրբուհի Գալյանը տեքստը ավարտելուց բացի ասել էր՝ իշխող խմբակցության հետ քննարկումներ կսկսի: Պատգամավոր Հասմիկ Հակոբյանից տեղեկացանք, որ իրենց թիմում քննարկումներ դեռ չկան: Իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում կարծում են, որ ամբողջ տեքստը քննարկելու համար առնվազն երեք ամիս դեռ պետք է:
«Երեք ամիսը մաքսիմում եմ ասում, բայց քանի որ նախընտրական ժամանակահատված է, կարծում եմ, դա, այնուամենայնիվ, ուզենք, թե չուզենք ազդելու է խորհրդի աշխատանքների վրա, որովհետև կան նաև կուսակցության ներկայացուցիչներ, մենք էլ որպես քաղհասարակության ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն ենք իրականացնելու», - ասաց խորհրդի անդամ Արթուր Սաքունցը:
Անկախության հռչակագրի հարցն էլ դեռ չեն քննարկել, վստահեցնում է խորհրդի անդամ Սաքունցը, բայց կքննարկեն, ասում է: Անկախ այն բանից, որ վարչապետ Փաշինյանն արդեն դիրքորոշում հայտնել է, որ դեմ է՝ նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրի հղումը լինի:
«Անպայման ենք քննարկելու, չի կարող ոչ մի մաս Սահմանադրության չքննարկվել խորհրդում», - ասաց Սաքունցը:
Բաքուն է պահանջում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի ու Անկախության հռչակագրի հղումը մայր օրենքից ջնջվի: Հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին ու Բաքվից պնդում են, թե սա տարածքային նկրտում է:
«Եթե կենտրոնանաք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետև կհակասի երկրի մայր օրենքին, և այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է բարձրաձայնում ենք», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Վարչապետ Փաշինյանը սկզբում Բաքվին հակադարձում էր, թե Հայաստանը հարևանների նկատմամբ տարածքային նկրտումներ չունի ու Սահմանադրության փոփոխությունը համարում էր երկրի ներքին հարց: Օրեր առաջ Փաշինյանն ուղիղ հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունն է միայն կողմ, որ նոր նախագծում Անկախության հռչակագրին հղում չլինի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի, սա կոնֆլիկտի հռչակագիր է ու եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտն անխուսափելի է», - ասել է վարչապետը:
Փաշինյանի այս ձևակերպումներին ընդդիմադիրները արձագանքեցին, թե նա ադրբեջանական օրակարգն է առաջ մղում:
Հանրային խորհրդում բացի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդից, Արթուր Սաքունցն էլ է դեմ, որ Անկախության հռչակագրի հղումը հանեն. «Անկախության հռչակագրի հիշատակումը նախաբանից չպետք է հանվի, Անկախության հռչակագիրը ունի շատ կետեր, բացի այն դրույթի հիշատակումից, որը վերաբերում է հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշման մասին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման վերաբերյալ, այնտեղ կան դրույթներ, որոնք վերաբերում են պետականաշինությանը, պետության ստեղծման հիմնարար սկզբունքներին»:
Նա պնդում է, որ այս հարցը խորհրդի օրակարգից դուրս չի գա և պարտադիր կքննարկեն: Թե ե՞րբ հերթը կհասնի սրան, Սաքունցը դժվարացավ ասել: Խորհրդում Սահմանադրության նոր նախագծի քննարկումներն էլ նույն թափով չեն, ինչպես սկսվել էր հունվարից: Անցած ուրբաթ նիստ չի եղել, վաղն էլ չի լինի: Նախագծի վերջնական տարբերակը մինչև ընտրություններ պատրաստ չի լինի, վստահ է Արթուր Սաքունցը:
«Ես կարծում եմ ողջամիտ են այդպիսի ժամկետները, որովհետև իրական չէ այս նախընտրական ժամանակահատվածում, երբ թե՛ կուսակցություններն են քաղաքական պայքարի մեջ, թե՛ գոնե մեր խորհրդի անդամ քաղհասարակության կազմակերպություններն են դիտորդական առաքելությամբ զբաղված, որ հնարավոր լինի ապահովել կամ պաշտպանել այն տեմպը, որ ունեինք նոր տարվա սկզբից մինչև մի երկու շաբաթ առաջ», - ասաց նա:
Սաքունցի նշած ժամկետով ստացվում է, որ այս նախընտրական փուլում ամբողջական ու վերջնական տեսքով, առանց Անկախության հռչակագրի նոր նախագիծը հանրության դատին չեն հանձնի: Այսինքն՝ ընտրություններից հետո նոր կհասցնեն խորհրդում բոլոր գլուխները քննարկել ու հաստատել: Իշխանությունը մտադիր է սահմանադրական հանրաքվեն անցկացնել ԱԺ ընտրություններից հետո, թե երբ, հստակ ժամկետ չի նշվել: Հանրաքվեի հարցն, ըստ էության, կախված է հունիսյան ընտրությունների արդյունքներից:
Նախագիծը նախ խորհրդարանում պիտի հաստատվի, ու դրա համար պարզ մեծամասնությունը բավարար չէ, պատգամավորների ձայների 2/3-ն է անհրաժեշտ: