Մատչելիության հղումներ

Գալյան. 200 հազար դոլարանոց տունը ի՞նչ է, որ ես 10 կամ 20 տարի հետո չպետք է ունենամ


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տուն է գնել շուկայականից շատ ցածր գնով, «Հետքն» է պարզել՝ կառուցապատող ընկերությունը Հայկ Կոնջորյանին տունը վաճառել է շուրջ 21 միլիոնով պակաս: ՔՊ-ականը հայտարարագրում նշել է, որ 54 միլիոնով են գնել: Մինչդեռ, շինարակական ընկերությունից հետաքննող լրագրողին բոլորովին այլ թիվ են ասել, ըստ որի, եթե նույն տարածքում նույն կառուցապատողից ՔՊ-ական պատգամավորի տան մակերեսով հիմա տուն գնես, կարժենա մոտ 75 միլիոն դրամ:

Ինչպես է ստացվել, որ Հայկ Կոնջորյանը շուկայականից էական ցածր գնով թաունհաուս է ձեռք բերել, ինչու է իշխանական պատգամավորի համար այլ գին եղել: ՔՊ-ականը «Հետք»-ին չի պատասխանել և միայն հոդվածը հրապարակվելուց հետո լրատվամիջոցին պիտակավորելով՝ բարկացել է, թե մեկուկես տարի առաջ անշարժ գույքն ավելի էժան էր:

«Բոլորը գիտեն, որ կառուցապատման ընթացքում անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է, քան կառուցման ավարտից հետո: Անշարժ գույքը գնել եմ շուկայական արժեքին համապատասխան, հիպոթեքային վարկով՝ 20 տարով», - գրել է իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյանը տունն անցած տարի է գնել: Երկհարկանի է, 240 քառակուսի մետր է: Կոտայքի մարզի Առինջ համայնքում է՝ Երևանին մոտ: Կոնջորյանն էլ իր այլ կուսակիցների պես, անշարժ գույքի վարկը ձևակերպել է խմբակցության գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բանկով: Գինը, որով ձեռք է բերել թաունհաուսը, եկամտահարկի վերադարձի շեմի չափով է: Որ եկամտհարկի վերադարձը գործի, բնակարանը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը: Եթե պաշտոնյային շուկայականից ցածր գնով են վաճառել, կասկած կա, որ պաշտոնական ազդեցությունն է չարաշահել, - ասում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը: Նա հնարավոր է համարում, որ գործարքի մի մասը ստվերային է եղել, որ պատգամավորը եկամտահարկի վերադարձի առավելությունից օգտվի:

«Պարզ է, որ նորմալ չի, որ 10 միլիոնից ավելի արժի, բայց թղթերում 54 միլիոն է: Հասարակական կազմակերպությունը չունի այն գործիքները, որ խորանա, հասկանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Այսինքն՝ սա այդ եկամտային հարկի վերադարձի հետ է կապված եղել, դրա համար է ավելի էժան գնով գնվել, թե այլ հարց կար, ուղղակի որպես ազդեցիկ պաշտոնյա նրա նկատմամբ լավ են վերաբերվել: Կամ տհաճ երևույթ կլինի, եթե պարզվի, որ իրական գինը հենց 54 միլիոն է, բայց ոչ կարևոր գնորդներին վաճառում է ավելի թանկ», - ասում է Հոկտանյանը:

Հակակոռուպցիոն փորձագետն այսպիսի կասկածներ ունի, բայց այս պահին հրապարակված փաստերով դժվարանում է պնդել: Ասում է՝ սա արդեն իրավապահների գործն է:

Ընկերությունը, որից Հայկ Կոնջորյանը տունը գտել է, կառուցապատմամբ սկսել է զբաղվել 2021 թվականից: Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության օրոք: Մինչ այդ շինանյութի արտադրությամբ, ներմուծմամբ ու բեռնափոխադրմամբ է զբաղվել: Ըստ «Հետքի»՝ ընկերության սեփականատերը՝ Բաբկեն Հովակիմյանը, մեկ այլ ընկերություն էլ ունի, որ զբաղվում է անշարժ գույքի վաճառքով: Կոնջորյանի եղբայրն էլ այդ ընկերության տնօրենն է:

Ինչպես ստացվեց, որ նախկիններին տրեխներից միլիոնների հասնելու համար մեղադրող, քննադատող ՔՊ-ականները բնակարանների, թաունհաուսների ու առանձնատների տեր դարձան պաշտոններ ստանալուց հետո: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զարմանում է լրագրողների այս հարցից. «Կներեք, մարդը աշխատում է, ընդ որում կատարում է շատ ծանր աշխատանք, այդ թվում և ես: Այո, 200 հազար դոլարանոց տունը ի՞նչ է, որ ես տասը կամ քսան տարի հետո չպետք է ունենամ: Պետք է ունենամ այնքան, որքան, որ կարող եմ ունենալ», - ասաց նախարարը:

Իշխանության շարքերը համալրելուց հետո Կոնջորյանի ընտանիքում մի առաջխաղացում էլ եղավ, կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի կարիերան աճեց՝ մեկ տարի առաջ դարձավ Հայփոստի գլխավոր տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG