Մատչելիության հղումներ

Գալստանյանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանի կալանքը կփոխարինվի վարչական վերահսկողությամբ ու հեռանալու արգելքով


Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ
Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

Նոյեմբերի 25-ին ավարտվում է Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հինգ ամիս առաջ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը։ Նրան կալանքից կազատեն և կիրառեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք։ Այդ որոշումը դատարանն ընդունեց՝ հաշվի առնելով գործարարի առողջական վիճակի մասին պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը:

Հասարակության և պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Տիգրան Գալստյանը դատական նիստերին մասնակցում է անվասայլակով: Նրա պաշտպանը հայտնեց, որ բանտում գտնվելու միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Գալստյանին երկու անգամ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: Պաշտպանը ներկայացրեց բժշկական փաստաթղթեր, ըստ որոնց՝ Գալստյանը ողնաշարի ճողվածք ունի, կալանքից առաջ եղած առողջական վիճակը բանտային պայմաններում վատթարացել է:

«Կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց առողջական վիճակը գնալով վատանում է, հենաշարժողական համակարգը՝ թուլանում», - պնդեց փաստաբանը:

Մեղադրող դատախազը միջնորդեց գործարարի նկատմամբ տնային կալանք կիրառել, բայց դատարանը որոշեց վարչական հսկողություն սահմանել՝ հաշվի առնելով, որ Տիգրան Գալստյանը բժշկական հետազոտությունների կարիք է ունենալու և հաճախ տնից դուրս գալու անհրաժեշտություն կունենա:

Այժմ դատարանը քննում է նաև մյուս ամբաստանյալների խափանման միջոցի հարցը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG