«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները Կանադայում պայմանավորվել են պատժամիջոցներով շարունակել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ։
«Եթե Մոսկվան չկարողանա Կիևի հետ համաձայնության գալ հրադադարի շուրջ, G7-ն «առավելագույնի կհասցնի ճնշումը», ասվում է կոմյունիկեում։
Հայտարարության հեղինակները պայմանավորվել են մի մեխանիզմ մշակել, որը կարգելի պատերազմում Ռուսաստանին աջակցող կամ ֆինանսավորող երկրներին մասնակցել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։ Թե ինչ ասել է «ֆինանսավորող», հայտարարությունում չի հստակեցվում։ «Մեծ յոթնյակի» երկրների մեծ մասը շարունակում է էներգետիկ ռեսուրսներ գնել Ռուսաստանից։
Անցյալ տարի նմանատիպ հանդիպման արդյունքներով հայտարարությունում մասնակիցները քննադատել էին Չինաստանին և Հյուսիսային Կորեային՝ պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար։ Այս տարվա հայտարարության մեջ այս համատեքստում որևէ երկրի անուն չի նշվում։
Նախարարները դատապարտել են Ռուսաստանի շարունակական «դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ» և ողջունել «ուկրաինացի ժողովրդի տոկունությունը»։