Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։ Այս մասին վեց երկրների արտգործնախարարներն ու Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը համատեղ հայտարարություն են տարածել։
Հայտարարությունում նշվում է, որ երկրները պատրաստ են օգտագործել բոլոր առկա գործիքները ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ թույլ չտալով, որ այն պատերազմ մղի Ուկրաինայի դեմ։
Նախարարները նաև շեշտել են, որ արևմտյան երկրներում ռուսական ակտիվները պետք է սառեցված մնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել պատերազմը և փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասը։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երկրները չեն ընդունի խաղաղության որևէ համաձայնագիր, որը կսահմանափակի «Ուկրաինայի ռազմական և պաշտպանական արդյունաբերությունը կամ գործընկեր երկրների ռազմական ներկայությունը Ուկրաինայում»։