Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի Իրանի կանանց հավաքականից՝ Երևանի «Փյունիկ»


Ձախից՝ աջ. Շաղայեղ Ռուզբահան, Ֆաթեմե Ադելի, Հաջար Դաբաղի, Մինա Նաֆեի
Ձախից՝ աջ. Շաղայեղ Ռուզբահան, Ֆաթեմե Ադելի, Հաջար Դաբաղի, Մինա Նաֆեի

Ֆուտբոլի Իրանի կանանց հավաքականից 4 ֆուտբոլիստ է միացել Երևանի «Փյունիկ»-ին։

«Հայաստանը շատ հաճելի, սիրուն երկիր է, կարծում եմ՝ կարող ենք այն, ինչ սպասում են մեզնից, տալ Հայաստանի թիմերին», - «Ազատության» հետ զրույցում ասում է Իրանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի պաշտպան Ֆաթեմե Ադելին:

«Թիմում մեզ շատ բարեհամբույր են ընդունել, նույնիսկ եթե լեզվական խնդիրներ ունեցել ենք, մեզ օգնել են, շատ ընկերական են, և հենց դա է պատճառը, որ շատ արագ կարողացանք ներգրավվել թիմում», - շարունակում է Ֆաթեմեն՝ հայերեն հավելելով. - «Մեկ, երկու, երեք, օքե՞յ»։

Իրանի ազգային հավաքականի դարպասապահ Մինա Նաֆեին հույս ունի՝ իր 12 տարվա փորձը կօգնի հայկական «Փյունիկ»-ի դարպասն անառիկ պահել առաջիկա խաղերին։

«Նկատի ունենալով, որ նոր հնարավորություններ են ավելացել թիմում, և նախքան այս էլ լավ տեղացի խաղացողներ ուներ «Փյունիկ»-ը, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կընթանա, ես անձամբ դրական էներգիա եմ ուղարկում ու հուսով եմ, որ լավագույնս հանդես կգանք», - ասում է Մինան:

Չորս ֆուտբոլիստներն արդեն հասցրել են առաջին անհրաժեշտության հայերեն բառերը սովորել. - «Բարև ձեզ, աջ, ձախ, փոխվենք, գոլ, խաղա, խփել, չխփել...»:

Առջևում Չեմպիոնների լիգան է, Հայաստանի չեմպիոն «Փյունիկ աղջիկներ» թիմում իրանցի ֆուտբոլիստների առաջին պաշտոնական հանդիպումը սեպտեմբերին կլինի. թիմը կմրցի Կիպրոսի «Ապոլոն Լեյդիս»-ի հետ:

«Կարճ ժամանակ ունենք, բայց կարծում եմ միասնական ուժերով կկարողանանք առաջին փուլում լավ հանդես գալ և պատրաստվել հաջորդ փուլերին», - ասում է Իրանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի հարձակվող Հաջար Դաբաղին:

«Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկություն ունեն եվրոպական լիգայում խաղալ, դա մեզ համար նոր փորձություն է։ Քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է, մենք բոլորս՝ թիմի մյուս անդամների պես, 100 տոկոս մեր ներդրումը պետք է ունենանք, որ արդյունք ստանանք», - իր հերթին, նշում է Իրանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Շաղայեղ Ռուզբահանը:

Թիմի գլխավոր մարզիչը «Փյունիկ»-ի նոր համալրումներից գոհ է, սպասելիքներն, ասում է, արդարացված են:

«Բավականին լավ առաջնություններ ու հավաքականներ ունեն շատ իսլամական երկրներ, որոնց թվում է նաև Իրանը, լավ հագեցած առաջնություն ունի և ազգային հավաքական։ Չորսն էլ խաղացել են Իրանի առաջնության տարբեր ակումբներում ու Իրանից եկել, տեղափոխվել են միանգամից Հայաստան», - նշում է
Արմեն Բարեղամյանը:

Հայաստան ժամանած մարզիկներն ասում են՝ Իսլամական Հանրապետությունում կանանց ֆուտբոլը զարգանում է, ազգային հավաքականն ուժեղ թիմերի հետ հանդիպումներ է անցկացնում, այժմ իրենց փորձն ու հմտությունները փորձում են կիրառել Հայաստանում՝ օգնելու հայկական թիմին նոր հաջողություններ գրանցել։ Թե որքան ժամանակ կխաղան «Փյունիկ»-ի կազմում, երևանյան ակումբը չի բացահայտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG