Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահներն այսօրվանից ստանձնում են Տավուշի հատվածների պահպանությունը


ՀՀ սահմանապահը Կիրանցի հատվածում, 23-ը մայիսի, 2024թ․
ՀՀ սահմանապահը Կիրանցի հատվածում, 23-ը մայիսի, 2024թ․

Այսօրվանից Հայաստանի սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Ըստ հաղորդման՝ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև 2024-ի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով: Պարզ չէ, սակայն, թե ինչ է ենթադրում անցումային սխեման։

ԱԱԾ-ն նշում է, որ միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունն այսօրվանից կիրականացնեն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները։

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Կառավարությունը հայտնել էր, որ սահմանազատված հատվածներում 8-9 օր անց արդեն սահմանապահները կփոխարինեն բանակին, առայժմ բացառությամբ Կիրանցի զգայուն կետերի։ Արձանագրության ստորագրումից օրեր առաջ դեռ Հայաստանի սահմանապահ զորքը Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն ծառայություն էր իրականացնում։

Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։

Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG