Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ Քադաֆիի փողերի գործով


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կարլա Բրունի-Սարկոզիի հետ ժամանում է Փարիզի դատարան, 25-ը սեպտեմբերի, 2025թ.
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կնոջ՝ Կարլա Բրունի-Սարկոզիի հետ ժամանում է Փարիզի դատարան, 25-ը սեպտեմբերի, 2025թ.

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր ճանաչեց հանցավոր դավադրության գործով, որով նա մեղադրվում է Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրո ապօրինի ֆինանսավորում ստանալու մեջ:

70-ամյա նախկին նախագահը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ պայմանական դատավճռով, ինչը ըստ «Լը Մոնդ» պարբերականի, նշանակում է, որ նա դատարանում չի կալանավորվի, այլ կուղարկվի մեկամսյա կալանքի, որի թվականները ինքը՝ Սարկոզին պետք է որոշի առաջիկա շաբաթներին։

Դատավորը պաշտոնաթող նախագահին նաև պարտավորեցրեց 100 հազար եվրոյի չափով տուգանք վճարել: Սա Սարկոզիի դեմ երրորդ քրեական գործն է, նախորդ գործերով ևս նա մեղավոր է ճանաչվել, սակայն խուսափել է բանտարկությունից։

Այսօրվադատավճիռը բողոքարկելու դեպքում՝ ինչպես շեշտում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ պատիժը կմնա անփոփոխ․ այդպիսով Նիկոլա Սարկոզին կդառնա ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ առաջին նախագահը, որը կհայտնվի բանտում։ Այսօր հրապարակված դատավճռի հիմքում 2000-ականների իրադարձություններն են: Մեղադրող կողմը պնդում է, որ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Սարկոզիի շտաբն ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից, ում իշխանության գալուց հետո Սարկոզին հնգօրյա ճոխ ընդունելության էր արժանացրել Փարիզում՝ թույլ տալով, որ նա իր հայտնի վրանը բացի Ելիսեյան պալատի կողքին, ինչպես նաև աջակցել հյուսիսաֆրիկյան հանրապետությանը միջազգային մեկուսացումից ազատվելու հարցում։

Գաղտնի հուշագիրն ու սկանդալի սկիզբը

Ֆրանսիան 2007-2012 թվականներին առաջնորդած Սարկոզիի անվան հետ կապվող քաղաքական ու կոռուպցիոն այս սկանդալը պայթեց 2011 թվականին, երբ լիբիական լրատվական գործակալությունը, ինչպես նաև անձամբ բռնապետ Քադաֆին, հայտարարեցին, որ Տրիպոլին գաղտնի կերպով միլիոնավոր եվրոներ է ուղղել Սարկոզիի 2007 թվականի նախընտրական քարոզարշավին։

Մեկ տարի անց ֆրանսիական մամուլի ձեռքում հայտնվեցին գաղտնի փաստաթղթեր, ըստ պնդումների, լիբիական հետախուզության հուշագիրը, որն իրենից ներկայացնում էր 50 միլիոն եվրոյի ֆինանսավորման պայմանագիր։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում այդ ժամանակ վերընտրվել պատրաստվող աջ կենտրոնամետ առաջնորդ Սարկոզին փաստաթուղթը որակեց կեղծիք և ինքը դատական գործընթաց նախաձեռնեց իրեն զրպարտելու մեղադրանքով, բայց դատարանն ի վերջո պնդեց, որ վիճահարույց փաստաթուղթը կասկածի տեղիք չի տալիս՝ այդպիսով սկսելով հետաքննություն երկրի նախկին նախագահի նկատմամբ։

Հետագայում հայտնվեցին պաշտոնյաներ, գործարարներ, որոնք սկսեցին մանրամասներ պատմել՝ Փարիզ -Տրիպոլի կասկածելի շփումների մասին: Լիբանանյան ծագումով ֆրանսիացի մեծահարուստ Զիադ Թաքիեդդին, մասնավորապես, հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից առաջ ինքն անձամբ առնվազն երեք անգամ Լիբիայից ճամպրուկներով միլիոններ է բերել Փարիզ ու փոխանցել Սարկոզիին ու նրա օգնականներին:

Սարկոզիի գործով այս դատավարությունն, ինչպես նկատում է ֆրանսիական մամուլը, լույս է սփռում Ֆրանսիայի և Լիբիայի միջև 2000-ական թվականների հարաբերություններին, բացահայտում գաղտնի բանակցությունները, որոնց շրջանակներում Լիբիայի երկարամյա բռնապետը փաստացի ֆրանսիական իշխանությունների օգնությամբ վերականգնեց դիվանագիտական կապերը Արևմուտքի հետ։

Նիկոլա Սարկոզին չի ընդունում մեղադրանքները

Քաղաքական, կոռուպցիոն այս սկանդալի կիզակետում հայտնված Նիկոլա Սարկոզին չի ընդունում մեղադրանքները՝ դրանք համարելով կեղծ և իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար։ Դատավճիռը լսելուց հետո նա պնդել է՝ «Ես անմեղ եմ, բայց, եթե նրանք ցանկանում են, որպեսզի ես քնեմ բանտում, ես կքնեմ բանտում, բայց բարձր գլխով»:






XS
SM
MD
LG