Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանը՝ քննադատության թիրախում. «Չիմացությո՞ւն», թե՞ «պատասխանատվությունից խուսափելու փորձ»


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, արխիվ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, արխիվ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտնվել է քննադատության թիրախում: Օրերս «Ռադիոլուրին» տված հարցազրույցում Օլիվյե Դըկոտինյին ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Հենց Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերին տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ: Փաշինյանից և Ալիևից բացի, այդ հանդիպմանը մասնակցում էին նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը», - ասել է Օլիվիե Դըկոտինյին:

Տվյալ դեպքում դեսպանը սխալվել է. Զուրաբյան

Քաղաքական և վերլուծական շրջանակները պնդում են՝ դեսպանը կա՛մ պարզապես տեղյակ չէ ղարաբաղյան խնդրին, կա՛մ հատուկ է նման հայտարարություն անում:

«Ամենայն հարգանքով և համակրանքով Ֆրանսիայի և նրա ներկայացուցիչների նկատմամբ՝ ես պետք է ասեմ, որ տվյալ դեպքում դեսպանը սխալվել է:

<> Ըստ երևույթին, ինքը չգիտի, և այդ դեպքում ես իրեն խորհուրդ կտայի, որ ինքը վեր հանի այն ժամանակվա փաստաթղթերը», - «Ազատությանն» ասաց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի պաշտոնավարման ժամանակ խոսնակի պաշտոնը զբաղեցրած Լևոն Զուրաբյանը:

Նա Ֆրանսիայի դեսպանին հորդորում է նախ ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված վերապահմանը, որով և Հայաստանի Գերագույն խորհրդը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ըստ այդմ՝ Անկախ պետությունների համագործակցությունը բաց է նաև ԽՍՀՄ նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե: Իսկ Արցախը մինչը Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը՝ 1991-ի դեկտեմբերի 10 -ին արդեն Անկախության հանրաքվե էր անցկացրել և հռչակել իր անկախությունը: Ի դեպ, Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ ընդհանրապես այս փաստաթղթի կողմ չի եղել և դրան միացել է միայն 1993-ին:

«Ես չեմ ցանկանում մտնել մոտիվացիաների մեջ, այստեղ ամենակարևոր բանը, որ դեսպանը չի տեսել, հետևյալն է, որ այնուամենայնիվ, կար հակամարտություն, և այդ հակամարտության լուծման համար ստեղծվել էր Մինսկի խումբ, որի համանախագահներից մեկը Ֆրանսիան էր, և այդ հակամարտության հիմքը հենց այն էր, որ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը տարբերվող տեսակետներ ունեին նրա մասին, թե ինչը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի մասին վերջնական կարգավիճակը: Այն պահից, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա նշանակում էր Մինսկի խմբի համանախագահության ներքո անցնող բանակցությունների ավարտ, որովհետև հակամարտության գլխավոր առարկան սպառվեց», - ասաց ՀԱԿ փոխնախագահը:

«Այ սա է խնդիրը, սա էր, որ բերեց ի վերջո նրան, որ իրականացվեց էթնիկ մաքրումը, որովհետև այլևս Ադրբեջանը այդ պահանջը դրեց և՛ Ռուսաստանի առաջ, և՛ Հայաստանի առաջ, և՛ ամբողջ միջազգային հանրության առաջ՝ ասելով, որ այստեղ էլ հակամարտություն չկա», - հավելեց նա:

Փարիզի այս քայլը, ըստ Հակոբ Բադալյանի, հակասության մեջ է մտնում իր իսկ հրապարակային հայտարարությունների հետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալանը մինչդեռ կարծում է, որ Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը ոչ թե չիմացության հետևանք է, այլ կոնկրետ քաղաքական նպատակներ է հետապնդում: Վերլուծաբանի համոզմամբ՝ Ֆրանսիան պարզապես փորձում է մաքրել իր պատասխանատվությունը Պրահայի քառակողմ հայտարարությունից:

«Ըստ իս՝ այդ հայտարարությունը իրավաքաղաքական առումով բավական անգրագետ է, և այդ հայտարարության պատճառ համարում եմ այն, որ Ֆրանսիան եղել է միջնորդներից մեկը Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Եվ հիմա Ֆրանսիայի դեսպանը, ըստ իս, իր այդպիսի հայտարարությամբ պարզապես փորձում է փրկել Ֆրանսիայի միջնորդական դեմքը՝ Հայաստանի այդպիսի որոշմանը մասնակցություն ունենալու համար», -համոզված է Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը շեշտում է՝ Ֆրանսիան Հայաստանի անվտանգության և Արցախի հարցում մշտապես աչքի է ընկել բավական ընդգծված աջակցող հայտարարություններով, սակայն 2022-ին Պրահայում Ֆրանսիան մասնակից է դառնում մի քաղաքական որոշման, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում։ Փարիզի այս քայլը, ըստ Հակոբ Բադալյանի, հակասության մեջ է մտնում իր իսկ հրապարակային հայտարարությունների հետ, ինչը հարցեր է առաջացնում նաև հայաստանյան հանրության շրջանում։

«Ֆրանսիայի դեսպանը պարզապես փորձում է իր այդպիսի հայտարարությամբ մաքրել Ֆրանսիային այդ պատասխանատվությունից, ցույց տալ, ինչպես պաշտոնական Երևանն է իր պատասխանատվությունը մաքրելու համար փորձում ստեղծել այդ տպավորությունը, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղ, և հենց սկզբից Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում», - նկատեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ 2022-ին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, խոսելով հռչակագիրը Ղարաբաղի մասով վեապահումներով ընդունելու Գերագույն խորհրդի որոշման մասին, անցած տարի խորհրդարանում պնդել էր, թե այդ վերապահումները միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որևէ ուժ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG