Մատչելիության հղումներ

Ֆրանսիան բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային՝ Ռուսաստան զորքերի ժամանման հետ կապված

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հյուսիսային Կորեայի գլխավոր պատվիրակին՝ բողոք հայտնելու՝ կապված Ռուսաստան իր երկրի զորքերի տեղակայման հետ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ներգրավվածությունը Ռուսաստանի տարածքում ռազմական գործողություններում անպատասխան չի մնա, հայտնում է Reuters-ը:

«Մենք պատրաստ ենք խիստ արձագանքել՝ մեր գործընկերների հետ համաձայնեցված», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը լրագրողներին՝ պատասխանելով Փհենյանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին:

Ֆրանսիան դիվանագիտական հարաբերություններ չունի Հյուսիսային Կորեայի հետ։ ԿԺԴՀ-ի գլխավոր ներկայացուցիչը հավատարմագրված է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը, իսկ այնուհետև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, հաստատել էին տեղեկությունը Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացի զինվորների միջև առաջին բախումների մասին Կուրսկի շրջանում:

Ավելի վաղ Պենտագոնը հաղորդել էր, որ Կուրսկի շրջանում առկա են առնվազն 10,000 հյուսիսկորեացի զինծառայողներ, ովքեր, ենթադրաբար, մասնակցում են մարտական գործողություններին կամ աջակցություն են ցուցաբերում ռուսական ուժերին։

XS
SM
MD
LG