Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանն այսօր խաղում է Իռլանդիայի հետ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանը գրավում է Իռլանդիայի ընտրանու դարպասը, Երևան, 4-ը հունիսի, 2022թ.
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդուարդ Սպերցյանը գրավում է Իռլանդիայի ընտրանու դարպասը, Երևան, 4-ը հունիսի, 2022թ.

Այսօր ժամը 20:00 Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում վրացի մրցավար Գոգա Կիկաչեիշվիլին կազդարարի Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկը: Մրցակցության հետաքրքիր նախապատմություն ունեցող թիմերի ճանապարհներն այս անգամ խաչվել են հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում:

Հայաստանի ընտրանին այսօր երեկոյան կփորձի ուշքի գալ ու դրական արդյունք գրանցել Պորտուգալիայից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո, Իռլանդիան էլ նպատակ ունի Երևանից հաղթանակով հեռանալ:

Խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն Իռլանդիային հաղթելն իրատեսական է համարել:

«Կարող եմ ասել, որ Իռլանդիան ունի իր խաղաոճը, որի հետ մենք արդեն ծանոթացել ենք և հետևել ենք և ուսումնասիրել ենք: Այո, ունի իր ոճը, և պետք ա պատրաստվել ու հասկանալ՝ ում հետ գործ ունենք: Ունեն ուժեղ կողմեր, որոնք դժվարություններ կստեղծեն, համոզված եմ, բայց մենք կարող ենք մենք էլ խաղալ այն ֆուտբոլը, որը ստեղծել իրենց դժվարություն: Մենք ունենք այդ պլանը՝ ոնց պետք ա խաղանք իրենց հետ», - երեկ հայտարարեց Եղիշե Մելիքյանը, - «Իռլանդիան էլ ուժեղ թիմ է մեր համար, բայց հաղթելը ավելի ռեալնի է, և պետք ա մեծ ցանկության դեպքում, մեծ աշխատանքի դեպքում կարող է մեր մոտ ստացվել: Շանսը շատ է հաղթելու, բայց դժվարություն մենք կունենանք վաղը, որովհետև լուրջ մրցակից է»:

Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնն առանձնացրել է Հայաստանի հավաքականի խաղացողների անհատական որակները.
- «Նրանք լավ անհատներ ունեն, որոնք կարող են խնդիրներ ստեղծել, արագ հակագրոհող թիմ է, ես կասեի, որ նրանց ամենաուժեղ կողմը պաշտպանությունից հարձակման արագ անցումն է»:

Իռլանդիայի ընտրանին մեկնարկային տուրը ոչ-ոքի է ավարտել՝ Հունգարիայի հետ երկուական գոլ են փոխանակել:

Դուբլինից Երևան հասնելու համար հազարավոր կիլոմետրեր կտրած Իռլանդիան առաջին խաղից հետո վերականգնվելու համար ավելի քիչ ժամանակ է ունեցել: Թիմի գլխավոր մարզիչը երեկ հենց այս հանգամանքն է մատնանշել ու ընդգծել՝ պետք է լավ խաղալ պաշտպանությունում, Հայաստանի ընտրանին հենց մեկնարկից կփորձի ակտիվ գործել:

«Նրանք հանգստի համար լրացուցիչ օր ունեին: Մենք պարզապես պետք է պատրաստ լինենք», - նշել է Հադլգրիմսոնը:

Թիմերը վերջին անգամ 2022-ին են հանդիպել՝ մեկ այլ մրցաշարի՝ Ազգերի լիգայի շրջանակում, Երևանում Հայաստանն էր հաղթել, Դուբլինում՝ դաշտի տերերը: Իսկ հեռավոր 2011-ին Հայաստանը հենց Իռլանդիայի հետ էր պայքարում Եվրոպայի առաջնության որակավորման խմբից դուրս գալու համար, այդ ժամանակ սեփական հարկի տակ Իռլանդիան հաղթել էր 2:1 հաշվով: Մինչ այս կայացած չորս հանդիպումներում Իռլանդիան ընդհանուր 6 գոլ է խփել, Հայաստանը ՝ 4: Նախորդ հանդիպումներում լարվածության պակաս չի եղել, չորս անգամ բանը կարմիր քարտի է հասել:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն այս պահին աշխարհում 105-րդ, Իռլանդիան՝ 60-րդ հորիզոնականում է:

Ի դեպ, հանդիպմանն ընդառաջ ՖԱՖ ակումբի ավանդական երթը չկայացավ: Հավաքականի խաղերից առաջ նրանք Օպերայի շենքից երթով էին շարժվում մարզադաշտ: Ինչո՞ւ այս անգամ ակցիա չեն իրականացրել, նրանց էջերում պարզաբանումներ չկան: ՖԱՖ ակումբը շարունակում է պահանջել Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը, Պորտուգալիայի հետ խաղին ընդառաջ էլ այդպիսի կոչեր էին հնչեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG