Մատչելիության հղումներ

Ֆոն դեր Լայենի վերընտրման ճանապարհը հեշտ ու միանշանակ չէր. գերմանացի գործչի պատմությունը


Եվրամիության կարևորագույն խնդիրն է պաշտպանել ժողովրդավարությունը. ֆոն դեր Լայեն

Եվրախորհրդարանի 720 պատգամավորներից 401-ը թույլ տվեցին Ուրսուլա ֆոն դեր Լայենին իրականացնել իր «Եվրոպական ճշմարտությունը», ինչը բելգիական ծագումով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան խոստացել էր կյանքի կոչել վերընտրվելու դեպքում։

Երեկ գերմանացի պաշտոնյան երկրորդ անգամ 5 տարով վերընտրվեց։ Ճեպազրույցի ընթացքում վերընտրված Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց՝ Եվրամիության կարևորագույն խնդիրն է պաշտպանել ժողովրդավարությունը։

«Մենք բոլորս միասին աշխատում ենք ուժեղ Եվրոպա ունենալու համար։ Մենք աշխատում ենք տնտեսական մրցակցությունը բարելավելու, սոցիալական արդարության, մարդկանց պաշտպանելու, անվտանգություն ապահովելու համար, սակայն ամենակարևորը՝ ամրապնդել մեր ժողովրդավարությունը։ Մեր ժողովրդարավորությունը թե՛ ներսից, թե՛ դրսից հարձակման թիրախում է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ժողովրդավարական ուժերը միասնական լինեն՝ այն պաշտպանելու համար», - ասաց նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանում է Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովին, 2024թ.
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանում է Շվեյցարիա՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովին, 2024թ.

Կրթությամբ տնտեսագետ, բուժքրոջ աշխատանքային փորձով ֆոն դեր Լայենը

65 -ամյա բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի ճանապարհը դեպի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոն հեշտ ու միանշանակ չէր։

Թեև ֆոն դեր Լայենը ԵՄ օրենսդիր մարմնում ներկայացնում է մեծությամբ առաջին խմբակցությունը՝ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, այդուհանդերձ մինչև վերջին պահը հստակ չէր՝ կկարողանա արդյոք նա ստանալ անհրաժեշտ քանակությամբ քվեներ․ նրա վերընտրվելուն դեմ էին աջերն ու ծայրահեղ ձախերը։

Ինչո՞ւ եվրոպական վերնախավի մի մասը թերահավատ է 7 երեխաների մայր, քաղաքական լուրջ ճանապարհ անցած ֆոն դեր Լայենի հանդեպ, ի՞նչ փոփոխություններ կբերի եվրոպական կառույցում գերմանացի պաշտոնյայի վերընտրությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին՝ դառնալով Եվրամիության պատմության մեջ այս պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Նախքան Եվրամիության բարձրաստիճան էշելոններում հայտնվելը արդյունավետ կարիերան սկսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կաբինետում։ Տնտեսագետի կրթությամբ, բուժքրոջ աշխատանքային փորձով, նախարարական մի քանի պորտֆելներ փոխելուց հետո 2013-ին ֆոն դեր Լայենը դարձավ Գերմանիայի առաջին կին պաշտպանության նախարարը։ Պաշտոնը նոր էր ստանձնել, երբ Մոսկվան բռնակցեց Ղրիմը։ Գերմանիայի նորընտիր պաշտպանության նախարարը իր կոշտ արձագանքով մարտահրավեր նետեց Եվրոպային՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական պաշտպանության համար։

Ֆոն դեր Լայենը խոստացավ շարունակել վճռական աջակցությունն Ուկրաինային

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ֆոն դեր Լայենը շարունակեց նույն ոգով՝ աննախադեպ պատժամիջոցներ Ռուսաստանին, տասնյակ միլիարդների օգնություն և զենքի մատակարարում Ուկրաինային՝ չնայած ԵՄ կառույցի ներսում Հունգարիայի բարձրացրած դժգոհությանը։

Հիմա էլ Եվրախորհրդարանի նորընտիր կազմի առաջ ելույթ ունենալով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը փաստացի չշեղվեց իր գծից՝ խոստանալով շարունակել իր վճռական աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա պահանջվի:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, 27-ը հունիսի, 2024թ., Բրյուսել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, 27-ը հունիսի, 2024թ., Բրյուսել

Արդեն վերընտրված Ուրսուլա ֆոն դեր Լայենի ծրագրերում է Եվրոպական պաշտպանության միություն, պաշտպանության հարցերով հանձնակատարի նոր պաշտոն ստեղծել, ինչին արդեն արձագանքել է Կրեմլը՝ ենթադրելով, որ Եվրոպայում ռազմականացման և առճակատման տրամադրություններ են։

Ռուսաստանի դեմ վարած կոշտ քաղաքականության արդյունքներից մեկն էլ այն է, որ ԵՄ-ն ռուսական գազը որոշեց փոխարինել ադրբեջանականով։ Հենց Ուրսուա ֆոն դեր Լայենն էր, որ Բաքվում Իլհամ Ալիևի հետ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեց։

«Մինչև Ուկրաինայի նկատմամբ զավթողական պատերազմը Ռուսաստանը վստահելի էներգետիկ գործընկեր չէր: Այդ պատճառով էլ Եվրամիությունը կենտրոնացել է Ռուսաստանից բացի, էներգիայի հավելյալ աղբյուրների դիվերսիֆիկացիայի վրա և սկսել է աշխատել ավելի հուսալի գործընկերների հետ: Ուրախ եմ, որ Ադրբեջանը նրանց շարքում է, ում մենք վստահում ենք», - Բաքվում հայտարարել էր եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։

2022-ին և 2023-ին Forbes-ի կողմից ամենաազդեցիկ կին ճանաչված Ուրսուլա ֆոն դեր Լայենի անունը մշուշոտ գործարքների ու կոռուպցիոն սկանդալների կիզակետում է նաև հայտնվել։ Ամենամեծ աղմուկը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող «Պֆայզեր» ընկերության հետ կնքված միլիարդավոր եվրոների գործարքն էր։ Այդուհանդերձ, այս պատմությունն այդպես էլ մութ մնաց՝ այդ թվում նաև բազմաթիվ փաստեր ոչնչացված լինելու պատճառով։

Եվրոպական քաղաքական ու դիվանագիտական վերնախավում միանշանակ չընդունվող ֆոն դեր Լայենն իր ապագա ծրագրերի մասին խոսելիս ընդգծել է՝ անհանգիտ ու անորոշ ժամանակներ են՝ համոզմունք հայտնելով, որ Եվրոպան՝ ուժեղ Եվրոպան, կարող է դիմակայել այդ մարտահրավերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG