Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության գործակալները և Փալմ Բիչ շրջանի ոստիկանության աշխատակիցները հրազենով սպանել են մի տղամարդու, ով, ըստ պնդումների, ապօրինի ներթափանցել էր Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայրի տարածք:
Գաղտնի ծառայության հայտարարությունում ասվում է, որ շուրջ 20 տարեկան անձը գիշերն է հայտնվել Մար-ա-Լագոյի պահպանվող տարածքում, նրա մոտ եղել է որսորդական հրացանի նմանվող առարկա և վառելիքով տարա:
Փալմ Բիչի շերիֆ Ռիք Բրեդշոուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գաղտնի ծառայության երկու գործակալներ և իր տեղակալը մոտեցել են տղամարդուն ու պահանջել գցել հրացանը և տարան: Նրա փոխանցամբ՝ տղամարդը վայր է դրել տարան ու «հրաձգային դիրքի» բարձրացրել հրացանը, ինչից հետո գործակալները կրակ են բացել:
Սպանվածի ինքնությունը չի հրապարակվում մինչև ընտանիքին տեղեկացնելը: Նրա գործողությունների շարժառիթները դեռևս պարզված չեն, քննությունը վարում է Հետաքննությունների դաշնային բյուրոն: Ինչպես գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով քննիչներին, տղամարդը Հյուսիսային Կարոլինա նահանգից էր, օրեր առաջ ընտանիքը հայտնել էր, որ նա կորել է:
Միացյալ Նահանգների նախագահը և առաջին տիկինը միջադեպի ժամանակ Վաշինգտոնում Սպիտակ տանն էին: