Մատչելիության հղումներ

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի սրացում չի կանխատեսում, բայց խաղաղության կնքումն էլ բարդ է համարում


ԱՄՆ - Fitch-ի շենքը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ - Fitch-ի շենքը Նյու Յորքում, արխիվ

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին՝ ամերիկյան Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կողմերի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում:

«Մեր նախնական կանխատեսմամբ՝ հակամարտության սրում չի լինի, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ», - ասված է հեղինակավոր կազմակերպության զեկույցում:

Մինչդեռ երկու օր առաջ Ադրբեջանը Հայաստանին սպառնաց կիրառել իր ողջ զինանոցը, իսկ Երևանն անընդունելի համարեց Հայաստանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերը: Քաղաքական ու փորձագիտական դաշտում էլ չեն բացառում, թե Բաքուն կարող է դիմել ռազմական գործողությունների COP26-ից հետո:

Թեև նախնական գնահատականով միջազգային գործակալությունն էսկալացիա չի կանխատեսում, բայց Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը համարում է բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող պահանջները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ միջանցքը և Սահմանադրության փոփոխությունը: Այս հարցերի համաձայնեցմանը, գործակալության գնահատմամբ, քաղաքականապես դժվար կլինի հասնել:

Բաքուն այժմ ակտիվ առաջ է մղում Հայաստանի Մայր օրենքը փոխելու հարցը՝ դա համարելով խաղաղության պայմանագրի կնքման նախապայման: Պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հետ միավորման մասին հիշատակում պարունակող Անկախության հռչակագիրը, հետևաբար նաև դրան հղում անող Սահմանադրությունը տարածքային պահանջ է ներկայացնում Ադրբեջանին։ Իսկ միջանցքի հարցը, թեև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անցած տարվա հոկտեմբերին Գրանադայի հանդիպումից հետո հավաստիացրել էր, թե փակված է, այժմ հակառակի մասին անգամ նրա թիմակիցներն են բարձրաձայնում:

Fitch-ը չի շրջանցել նաև հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք սկսեցին սրվել հատկապես 2022-ից սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, տարածքներ օկուպացրեց, իսկ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը ոչ միայն պայմանագրային պարտավորությունները չկատարեցին, այլ նաև քաղաքական գնահատական չտվեցին տեղի ունեցածին: Ըստ Fitch-ի՝ տնտեսական ու ռազմական նույն դաշինքում գտնվող Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են, Երևանը դադարեցրել է մասնակցությունը և բյուջետային վճարումները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ միևնույն ժամանակ Միացյալ Նահագների հետ զորավարժություններ անցկացնելով:

Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ըստ գործակալության, չեն փոխվում:

«Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է: Fitch-ը չի ակնկալում Հայաստանի դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի երկրորդային պատժամիջոցները և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը չի շրջանցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», - նշված է զեկույցում:

Զեկույցում նաև ասված է, որ Հայաստանը շարունակում է տնտեսապես օգուտներ քաղել Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այժմ՝ Լեռնային Ղարաբաղից ներքին միգրացիայի հետևանքով: Փորձագետները կանխատեսում են, որ տուրիզմն ու ինֆորմացիոն տեխնոլոգիաները կդառնան տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, դրական կազդի նաև Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը 2025 թվականին։ Fitch-ի կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը 6 տոկոս աճ կգրանցի, հաջորդ տարի՝ 5.5 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG