Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ շուրջ երկու ժամանոց հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի արտգործնախարարի՝ վաշինգտոնյան վերջին այցի ժամանակ ստորագրված TRIPP շրջանակային փաստաթուղթը։
«Մենք այս հարցի շուրջ երկժամյա քննարկումներ ենք ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի տեսլականը կարևոր է մեզ համար։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է այս մասին», - ասել է Հաքան Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը նաև վստահեցրել է՝ Անկարան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ինչպես նաև կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ունեն դրա համար անհրաժեշտ կամքը», - ասել է Ֆիդանը։
Վաշինգտոնում Միացյալ Նահանգների հետ պետքարտուղարի հետ TRIPP նախագծի իրականացման շրջանակի ստորագրմանը և հրապարակմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, մասնավորապես, որ գործընթացը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային շրջանակում։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը նշեց, որ Թուրքիայի հետ այս ուղղությամբ քննարկումներ կան, և դրանք բավականին կոնստրուկտիվ են։ «Կարծում եմ՝ մոտ ապագայում շոշափելի առաջընթացի քայլեր կունենանք», - ասաց նախարարը։