Եվրոպական միությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնք նպատակ ունեն ճնշում գործադրել Մոսկվայի վրա և զրկել Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից:
Պատժամիջոցները, որոնք առաջին անգամ կիրառվել են 2014 թվականին և զգալիորեն ընդլայնվել են 2022-ի փետրվարից հետո՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, ներառում են առևտրի, ֆինանսների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և շքեղ ապրանքների նկատմամբ սահմանափակումներ, ինչպես նաև ծովով Ռուսաստանից ԵՄ հում նավթի և որոշ նավթամթերքների ներմուծման կամ տեղափոխման արգելք։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ում գրել է, որ Ռուսաստանը պետք է հատուցի Ուկրաինայում իր գործողությունների հետևանքով հասցված վնասի համար:
«Եվրոպական միությունը քայլեր է ձեռնարկում. արտգործնախարարները հենց նոր համաձայնեցին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ... Սա կշարունակի Մոսկվային զրկել իր պատերազմը ֆինանսավորելու եկամուտներից», - գրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Պատժամիջոցների ընդունմանը պարբերաբար դեմ է եղել Հունգարիայի վարչապետը՝ վկայակոչելով իր երկրի էներգետիկ խնդիրները: Վիկտոր Օրբանն այս տարվա սկզբին ևս դեմ էր արտահայտվել Կիևի որոշմանը, որը հրաժարվել էր թարմացնել Ռուսաստանի հետ պայմանագիրը, ինչի հետևանքով դադարեցվեց Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրոպա:
Եվ հիմա Օրբանը պատժամիջոցներին միանալ համաձայնել է, միայն երբ Եվրահանձնաժողովը վստահեցրել է, որ կօգնի պաշտպանել իր էներգետիկ ենթակառուցվածքները և ապահովել կայուն գազամատակարարում։ Թեև Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում ռուսական գազի վերականգնման մասին հիշատակում չկա;
Ռուսական գազի այլընտրանք է համարվում ադրբեջանական գազը: Ուկրաինայի նախագահը շաբաթավերջին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա։ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ այդ հարցը Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Նա արդեն իր գազն արտահանում է բազմաթիվ երկրներ։ Մենք կարող ենք օգտագործել նաև մեր ենթակառուցվածքները, եթե Արևելյան Եվրոպայում այլ երկրները նույնպես գազի կարիք ունեն, այլ ոչ թե կոնկրետ ռուսական գազի ... Գազը կա: Ադրբեջանից մատակարարման ուղիները կան: Հիմնական խնդիրը քաղաքական կամք ունենալն է՝ աշխատելու սեփական ժողովրդի համար, այլ ոչ թե Մոսկվայի հետ ինչ-որ ստվերային գրպանում, ինչպես անում են Արևելյան Եվրոպայի որոշ կերպարներ», - հայտարարել է Զելենսկին:
Իտալական Il Foglio պարբերականին երեկ տված հարցազրույցում Զելենսկին խոսել է մոբիլիզացիայի մասին, ասելով, թե ճիշտ է, ուկրաինացի զինվորականները ռոտացիայի և արձակուրդի իրավունք ունեն, սակայն զորացրումը ներկայումս անհնար է։ Դա անելու համար Ռուսաստանին պետք է ստիպել, որ դադարեցնի պատերազմը:
«Ռազմական դրությունը պահանջում է մարդկանց մոբիլիզացիա և բոլոր ռեսուրսները: Եվ սա, ցավոք սրտի, այս պատերազմի մարտահրավերն է, այսօր մենք պաշտպանվում ենք, եթե վաղը բանակի կեսը պարզապես տուն գնա, ապա մենք պետք է առաջին օրը հանձնվեինք», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Մինչ Եվրոպական միությունը փորձում է Ռուսաստանին զսպել՝ պատժամիջոցները երկարաձգելով, իրավիճակը ռուս - ուկրաինական ճակատում շարունակում է լարված մնալ: Ռուսական զինուժը պարբերաբար հարձակումներ է գործում Դոնեցկի մարզի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ, որի կենտրոնից ռուսական զորքը 5 կմ հեռավորության վրա է գտնվում արդեն: Տեղի ռազմական վարչությունը տեղեկացրել է, որ բոլոր երեխաները տարհանվել են քաղաքից։
Գիշերը Օդեսայում ռուսական հրթիռի և անօդաչուի հարվածի հետևանքով չորս մարդ է վիրավորվել, վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, հրդեհվել է 10 ավտոմեքենա: Խարկովում ռուսական կողմի հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել փայտամշակման արտադրամասում, իսկ Կիևի մարզում հրդեհ է բռնկվել ռետրո մեքենաների թանգարանում, չորս տասնյակ մեքենաներ վնասվել կամ ամբողջությամբ այրվել են: