Եվրախորհրդարանի 30 անդամներ կոչ են արել ԵՄ-ին խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ, եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծվեն, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Նրանք իրենց փաստարկները ներկայացրել են ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիին ուղղված նամակում:
«Վրաստանի ընտրությունները կլինեն ժողովրդավարության և եվրոպական արժեքների նկատմամբ երկրի հավատարմության վճռական փորձություն... Այս ընտրությունները Վրաստանի համար միայն ներքին խնդիր չեն, դրանք առանցքային կետ են ԵՄ-ի հարաբերություններում իր արևելյան գործընկերների հետ, հատկապես հաշվի առնելով ԵՄ-ի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը տարածաշրջանում ազդեցության համար», - ասվում է նամակում:
Վրաստանի իշխող կուսակցությունը, ի պատասխան, նախապես հայտարարում է, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններին կստանա ավելի քան 60 տոկոս ձայն, իսկ ծրագրված ընտրակեղծիքների մասին լուրերը, ըստ «Վրազական երազանք»-ի, տարածվում են ընդդիմության կողմից։
Վրաստանում ԵՄ դեսպանը երեկ ասել է, որ Եվրամիությունը կարող է քննարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր չեղարկումը, եթե ընտրություններն «ազատ և արդար չլինեն»։