1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան
1994 թվականի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, այսօր Ֆեյսբուքում պնդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վեց տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն այդ մասին բաց տեքստով հայտարարում է վերջին մեկուկես տարում: Մինչ այդ կառավարության ղեկավարը Պրահայում ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետո արդեն ուղիղ հայտարարել, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսօր Փաշինյանը կրկին նշել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս չէր կարող լինել. «Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»։
Որևէ տարբերակ, որը քննարկվել է, շատ ավելի լավ է եղել, քան այսօրվա վիճակը. ընդդիմադիր պատգամավոր
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ ՝ խեղաթյուրում է բանակցային գործընթացը, գիտակցում է, որ գոնե հանրության համար Արցախի էջը փակված չէ, և շարունակում է մարդկանց համոզել, թե ինքը մեղավոր չէ:
«Որևէ տարբերակ, որը քննարկվել է, դրված է եղել սեղանին, սկսած 91 թվականի Ժելեզնովոդսկից, շատ ավելի լավ է եղել, քան թե այն վիճակը, որ մենք ունենք այսօր։ Դա ինքը պետք է ֆիքսի։ Ինքը գիտակցում է, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Էթնիկ զտումը ցեղասպանության տեսակներից մեկն է։ Այնտեղ եղել է ցեղասպանություն, և ինքը՝ որպես Հայաստանի ղեկավար, պարտավոր էր դա կանխել, ինքը քայլ չի արել, հետևաբար ինքը պատասխանատվություն պետք է կրի իր անգործության համար», - ասաց պատգամավորը։
Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ տարում Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը, իսկ անցած տարի սեպտեմբերին Արցախի նկատմամբ երկրորդ լայնածավալ հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց և ամբողջությամբ անցավ Ադրբեջանին: Այսօրվա գրառմամբ վարչապետ Փաշինյանը պնդում է, թե ինքն այս տարիներին ընդամենը մեկ սխալ է թույլ տվել՝ 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթացել է, բայց հայրենասիրությունն իրեն թույլ չի տվել՝ նախ ինքն իրեն, հետո ժողովրդին խոստովանել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս չի կարող լինել:
«Եթե ինքը գիտակցել է, որ վիճակը ծայրահեղ պայթյունավտանգ է, անընդհատ հղում են կատարում Սերժ Սարգսյանի ինչ-որ ելույթի, այդ դեպքում իր քաղաքականությամբ ինչո՞ւ էր պատերազմը մոտեցնում։ Ինքը մոտեցրել է պատերազմը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «նոր պատերազմ նոր տարածքների համար», ցուցադրական կերպով երրորդ հարավային ճանապարհի կառուցումը…», - նշեց Արթուր Խաչատրյանը։
Եթե այսօր վարչապետը պնդում է, թե 2018 -ի բանակցություններից չի խոսել հայրենասիրությունից ելնելով, ապա 2020-ի պատերազմից անմիջապես հետո, ասում էր, թե ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ արձանագրել է՝ պատերազմը կարող էր կանխել, եթե վերադարձներ 7 շրջաններն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, բայց այդ դեպքում իրեն դավաճան կանվանեին:
Լրացվում է