Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը նոր թեման չէ, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս Ազգային ժողովում արած հայտարարությանը։
Կազանում տեղի ունեցած բանակցություններից հետո Փաշինյանը խորհրդարանում, մասնավորապես, հայտարարեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում և որ առաջարկը Երևանը գրավոր ձևով փոխանցել է Բաքվին։
Վկայակոչելով 2020 թվականի եռակողմ հայտարարությունը՝ Բայրոմավն այսօր ասել է, որ այդ հայտարարության կետում նշվում են Հայաստանի ստանձնած պարտավորությունները։
«Երեքուկես տարվա քննարկումներից հետո «համաձայնություն է ձեռք բերվել» արտահայտությունը համարում ենք ուշացած։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։ Եթե այս հարցում դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան։ Իսկ Ադրբեջանի տարածքում արդեն երկար ժամանակ է արագ տեմպերով աշխատանքներ են ընթանում տրանսպորտային ենթակառաուցվածքների ստեղծման ուղղությամբ, և այն շուտով կհասցվի Հայաստանի հետ սահմանին», - ասել է Բայրամովը։
Երկաթգծի բացման հարցը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ակտիվ քննարկում էին 2021-22-ին, երբ բանակցությունները ընթանում էին ինչպես մոսկովյան, այնպես էլ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ: Այն ժամանակ անգամ համաձայնության մասին էր հայտարարվում, թե սահմանային ու մաքսային հսկողությունը պետք է իրականացվի փոխադարձության սկզբունքով: Հայաստանի կառավարությունը նույնիսկ նախնական հաշվարկ էր արել, նշվում էր՝ երկաթգծի կառուցումը կարժենա 200 միլիոն դոլար:
Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր «Ազատության»-ը փոխանցել է, որ ապաշրջափակման հարցով առաջարկները Երևանը Բաքվին ուղարկել է կազանյան բանակցություններից հետո, այժմ սպասում է արձագանքի։
Առաջարկներն իշխանության ներկայացուցիչը չմանրամասնեց, բայց ասաց, որ Հայաստանի համար սկզբունքային հարցերը շարունակում են մնալ ինքնիշխանության և իրավազորության հարգումը։