«Եթե հայ ոստիկանները չլինեին, նրանք ինձ տեղում կսպանեին»․ Ռուսաստանի քաղաքացի Ռոման Շկլովերն է, որը 7 ամիս առաջ փախել է ռուսաստանցի իրավապահներից, հետախուզումից ու իրեն ներկայացրած ծանր մեղադրանքներից: Բայց հայաստանյան ոստիկանները որոշել էին հանդիպում կազմակերպել նրա ու նրա հետևից Հայաստան եկած Ռուսաստանի անվտանգության աշխատակիցների հետ:
Ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարության՝ համագործակցության այս ընթացակարգը նորմալ է, գործում է ԱՊՀ երկրների հետ:
«Այն, որ գտնվում էի հայաստանյան ոստիկանությունում, ոչինչ չարեցին, այլապես, եթե ինձ տանեին Ռուսաստան, ապա կվնասեին,100 տոկոսով կսպանեին: Ռուսական բանտերում քաղբանտարկյալներին ծեծում, ստորացնում են», - պատմեց Շկլովերը:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մասին գրառումներ անելու համար է հետախուզվում բառնաուլցի 34-ամյա խոհարարը: Մեղադրվում է ահաբեկչության հրապարակային արդարացման կամ քարոզչության հոդվածով, համացանցում պատասխանել էր մեկին, որը գրել էր՝ ուկրաինացիներին պետք է մորթել, ռմբակոծել։
«VKontakte-ում մեկը գրել էր, թե ուկրաինացիներին պետք է մորթել, ռմբակոծել, սպանել: Ամենայն հավանականությանբ, գրողը հենց իրենք են, կարող են նստել ու գրել, հրահրել, ես էլ պատասխանեցի՝ նրանց չպետք է ռմբակոծել, ձե՛զ պետք է ռմբակոծել: Իրականում չէի ուզում, բայց էմոցիոնալ եմ, ինձ դուր չի գալիս, թե ինչ է տեղի ունենում իմ երկրում: Ակնհայտ է, որ Ռուսաստանը պատերազմ է հրահրել: Ինձ պես շատերն են մտածում», - ասաց Ռուսաստանի քաղաքացին:
Այս խոսքերի համար հետապնդվող Ռոման Շկլովերն իր հետևից Հայաստան հասած ռուսաստանցի ուժայինների մասին իմացել է ոստիկանությունում: Օրերս նրան է զանգահարել դեռ ամիսներ առաջ Ռուսաստանի պահանջով իրեն ձերբակալած հայ ոստիկանը, հրավիրել բաժին՝ պարզաբանումների համար:
Փաստաբանի հետ արդեն ոստիկանությունում էին, երբ սենյակ են մտել քաղաքացիական հագուստով երկու անձինք, ներկայացել, որ Ռուստաստանի անվտանգության աշխատակիցներն են, հորդորել տուն վերադառնալ, խոստացել, որ քրեական հետապնդման չեն ենթարկի, չեն ձերբակալի:
«Որ գրեմ, թե ոնց եմ այստեղ հայտնվել, ինչի են ինձ հետապնդում, բայց ես հրաժարվեցի: Բնակությանս հասցեն էին հարցնում, հեռախոսիս համարը, վախեցրին, սպառնում էին, թե մի օր կվերադառնաս Ռուսաստան», - պատմեց Ռոման Շկլովերը:
Նա պնդում է՝ պահանջել են թղթեր ստորագրել, թե ինքը հրաժարվում է գնալ Ռուսաստան, մերժել է, ինչից հետո էլ ռուս ուժայինները հեռացել են:
Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե տեղի ունեցածը նորմալ է, ընդամենը Շկլովերի փաստաթղթավորումն են արել հետախուզման կապակցությամբ, և քանի որ չկա խափանման միջոց, նրան ազատ են արձակել:
«ՀՀ ոստիկանությունը մեղսակից է դառնում մարդու իրավունքի կոպիտ խախտման»
Ռուս տղամարդուն իրավական աջակցություն տրամադրող իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջին հերթին քննադատում է Հայաստանի ոստիկանությանը։
«Սա կարմիր գիծ է, Հայաստանի Հանրապետության, որպես ինքնիշխան, ժողովրդավար, իրավական պետության դեմ գործողություն է Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր մեր իրավական նորմերի ոտնահարման», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։
Իրավապաշտպանը հարցնում է՝ ի՞նչ կարգավիճակով են Ռուսաստանի անվտանգության աշխատակիցները գտնվել հայաստանյան ոստիկանությունում, ընդ որում՝ հանդիպել այն անձին, որը կարծիք հայտնելու համար փախել է հենց նրանցից:
«Քաղաքական հետապնդման իր դիրքորոշման համար քաղաքական հետապնդման ենթարկված անձի հոգեբանական վիճակը, երբ որ նա ինքը Հայաստանի Հանրապետությունը տեսել է, որպես ապաստանելու անվտանգ վայր, ինչպիսի՞ն կարող է լինել, երբ որ իրեն հետապնդողների հետ հանդիպումը կազմակերպում է հենց ոստիկանական բաժանմունքում», - ասաց իրավապաշտպանը։
Ըստ Սաքունցի՝ Ռուսաստանի իրավապահներից քաղաքական հայացքների, տեսակետ արտահայտելու համար Երևան փախած տղամարդու հանդիպումը նրանց հետ կազմակերպելով՝ Հայաստանի ոստիկանությունը մեղսակից է դառնում մարդու իրավունքի կոպիտ խախտման:
«Եվ արդյո՞ք մեր ոստիկանական բաժանմունքը, որը կազմակերպել էր, ինքը մասնակից չի դառնում քաղաքական հետապնդման արդեն Հայաստանի տարածքում, երբ որ կազմակերպում է նման հանդիպում», - ասաց իրավապաշտպանը։
Ներքին գործերի նախարարությունն իր պարզաբանման մեջ որպես համագործակցության հիմք վկայակոչել է ԱՊՀ կառավարության ղեկավարների՝ անձանց միջպետական հետախուզման իրականացման վերաբերյալ իրավասու մարմինների կանոնակարգը: Մինչդեռ իրավապաշտպանը հակադարձում է՝ նման փաստաթղթերը պետք է առոչինչ ճանաչվեն, դրանք հակասում են մարդու իրավունքներին, այդ թվում՝ Եվրոպական կոնվենցիայով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքին: Հարցնում է՝ արդյո՞ք հայաստանյան իրավապահները գնացել ու նստել են ռուսական ոստիկանական բաժանմունքներում, կանչել այնտեղ արդեն քանի տարի գտնվող հայաստանցի հետախուզվողներին, օրինակ՝ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանին, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին և այլոց: