Մատչելիության հղումներ

Եթե դիտորդը խախտի քաղաքական չեզոքությունը, կզրկվի հավատարմագրից. օրենքն ընդունվեց


Ընտրություններից հինգ ամիս առաջ իշխող ուժը դիտորդական կազմակերպություններին, այսպես ասած, զսպող նախագիծ ընդունեց: Եթե ընտրության փուլում դիտորդ կազմակերպությունները չպահպանեն քաղաքական չեզոքությունը, կզրկվեն հավատարմագրից:

Իշխող ՔՊ-ն այս մի նախագծի համար արտահերթ նիստ էր հրավիրվել, քննարկեցին ու ընդունեցին հրատապ ռեժիմով: Ընդդիմադիրները չմասնակցեցին ոչ քննարկմանը, ոչ էլ քվեարկությանը: «Հայաստան» խմբակցությունը դեռ Ազգային ժողովի խորհրդի նիստում է առաջարկել նախագիծը բերել հանրային քննարկումից հետո միայն: ՔՊ-ն մերժել է, «Հայաստանն» էլ բոյկոտեց նիստը:

«Սա հերթական փորձն է ընտրական գործընթացներն ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ բերելուն ու ընտրակեղծիքներն օրինականացնելուն միտված», - նշեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ընտրական օրենսգրքով էլ է սահմանված, որ դիտորդները պետք է անաչառ ու անկողմնակալ լինեն, այս նախագծով հնարավորություն է ստեղծվում խախտման դեպքում զրկել հավատարմագրից. «Նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանում է, այսինքն, արդեն գործող կանոնի հստակեցումը և արդեն առկա մեխանիզմների ընդլայնումը, որպեսզի այս կանոնները կարողանան դառնալ իրապես գործուն»:

«Որևէ կերպ, որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել, հնչեցրեցին, նույն պահին որակում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող գործողություն ու զրկում են նրանց այդ կարգավիճակից», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիր Մինասյանը համոզված է՝ այս փոփոխությամբ խոչընդոտներ են ստեղծում ոչ իշխանահաճո կազմակերպությունների համար: Ընդդիմադիր պատգամավորը քննադատում է՝ անտեսել են միջազգային կազմակերպությունների սկզբունքները, որ մինչև խորհրդարանում քննարկելը պետք է հանրային լայն քննարկում լիներ:

«Սա անընդունելի է, հակասում է միջազգային պարտավորություններին: Վենետիկի հանձնաժողովը ժամանակին ասել է, որ ընտրական օրենսդրության մեջ սկզբունքային կարևորագույն հարցերի մասով տարուց շուտ խորհուրդ չի տրվում իրականացնել փոփոխություն», - ընդգծեց Մինասյանը:

Իսկ ի՞նչն են խախտում համարում, ի՞նչ չափորոշիչներ կան, ովքե՞ր են որոշելու՝ որ դիտորդն է անաչառ, որը՝ կողմնակալ: Չափանիշների մասին առայժմ հստակ ոչինչ չկա:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատման տիրույթում է», - ասաց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Արծվիկ Մինասյանը հարցնում է. «Առանց չափանիշի ո՞նց ես գնահատում: Որպես կանոն այդ զրկումները տեղի են ունենալու իշխանությունների այլանդակությունները բարձրաձայնող դիտորդական առաքելությունների համար»:

Դիտորդների քաղաքական չեզոքությունը որոշող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ՔՊ-ի նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանն է: Նա Փաշինյանի թերթում երկար տարիներ լրագրող է աշխատել, Փաշինյանի ուժով խորհրդարան եկել, ապա տեղափոխվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Թեև Հովակիմյանը վերջերս վստահեցրել էր՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում քաղաքական չեզոքությունը չի խախտել ու չի խախտելու, ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ ԿԸՀ-ն չի կարող անկողմնակալ որոշումներ կայացնել:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջությամբ իշխանության կարգավորման ու վերահսկողության ներքո է», - ասաց Մինասյանը:

Իշխանական պատգամավորը ուղիղ հայտարարեց՝ այդ նախագծի պատճառը իշխանությանը քննադատող «Հայաքվե» դիտորդական կազմակերպությունն է, որ, նրա պնդմամբ, իշխող ՔՊ-ի դեմ քարոզչություն է արել Գյումրիի ու Վաղարշապատի ընտրություններում:

«Մասնավորապես «Հայաքվե» դիտորդական առաքելությունը և վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոնները ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացրել են ակտիվ քարոզչություն հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

Դիտորդական առաքելության կամ անդամների չեզոքությանը ուշադրության կենտրոնում կլինի ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո: Եթե դրանից ամիսներ առաջ, կազմակերպության որևէ անդամ քաղաքական դիրքորոշում է ունեցել, խնդիր չէ: Եվ եթե կազմակերպության անդամներից մեկն է խախտում քաղաքական չեզոքությունը, ապա այդ մեկն է զրկվում դիտորդական առաքելության հավատարմագրից: Կազմակերպության հավատարմագիրը ուժը կորցրած կլինի, եթե անդամների մեծամասնությունը խախտի քաղաքական չեզոքությունը:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG