«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն այսօր էլ հերքեց, որ ռուսական հատուկ ծառայության աշխատակից է:
«Ես, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-շնիկ չեմ տեսել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Ռուսական The Insider կայքն էր փաստաթուղթ հրապարակել, ըստ որի՝ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տեղեկատվական կենտրոն»: Իշխանությունն այս տեղեկությունն ակտիվորեն տարածում է: Չնայած Կարապետյանը տեղեկությունը հերքեց, բայց էլի չհստակեցրեց՝ արդյո՞ք դատի տալու է:
«Փաստաբաններն ամեն ինչ կանեն»,- ասաց Կարապետյանը:
Ծրագիր ունենք՝ ծառայությունը հասցնել մեկ տարվա. Կարապետյան
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդն այսր հայտարարեց, որ ծրագիր ունեն՝ զարգացնելով, վերազինելով բանակը՝ ժամկետային ծառայությունը հասցնեն մեկ տարվա:
«Ընդամենը մեկ տարվա ընթացքում հասնելու ենք դրան»,- պատասխանելով իշխանությունից հնչող հայտարարություններին, թե իշխանության գալու դեպքում Կարապետյանի թիմը ժամկետային զինծառայությունը կրկին 2 տարի է մտադիր դարձնել, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը երաշխավորում է՝ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի, Սամվել Կարապետյանն ասաց. «Ինչո՞վ է երաշխավորում. ինքը երաշխավորեց Արցախին, տեսանք՝ ինչ եղավ Արցախի հետ, հրաժարվեց Արցախից, 2020-ից հետո Հայաստանի իշխանությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում, իրենք ունեն շեֆ, շեֆն ինչ որոշվում է, դա իրագործում է, իրենք մեր երկիրը հայաթափելու գործիքներ են»:
Սամվել Կարապետյանի խոսքով՝ իշխանության գալու դեպքում ընդունած առաջին օրենքով կանխելու են ադրբեջանցիների հնարավորությունները Հայաստանի տարածքում, որ «չկարողանան գույք ունենալ Հայաստանում»:
Ըստ Կարապետյանի՝ ՔՊ-ի հաղթանակի դեպքում ընտրություններից հետո «շատ սյուրպրիզներ» կլինեն՝ «մենք մեր հողերը կնվիրենք ադրբեջանցիներին»,- պնդեց Սամվել Կարապետյանը:
Արժե՞ մեկ մարդու համար փոխել Սահմանադրությունը
«Մենք չենք փոխում Սահմանդրությունը, մենք փոխում ենք Սահմանադրության մեկ հոդված, որը ԱԺ-ով՝ մեկ քվեարկումով, փոխվում է: Դա չի արվում ինձ համար, դա արվում է այն 7 միլիոն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից՝ վախենալով դրսի մարդկանց հնարավորություններից, իրենք փակել են երկիրն ամբողջ սփյուռքի առաջ: Դրանից կարող են օգտվել բոլորը՝ կարող են դառնալ նախարարներ»,- Սամվել Կարապետյանն այսօր այսպես պատասխանեց քննադատությանը, թե արժե՞ մեկ մարդու համար փոխել Սահմանադրությունը:
Մոտ 10 ամիս առաջ հիմնադրված ուժից պնդում են, թե Հայաստանում հունիսի 7-ին իշխանություն հենց իրենք են լինելու: Եվ չնայած սահմանադրական արգելքին, որ երկքաղաքացիները չեն կարող լինել, հայտարարում են՝ հաջորդ վարչապետն էլ Սամվել Կարապետյանն է:
«Ուժեղ Հայաստանի» ղեկավարի խոսքով՝ այն ՔՊ-ականները, որոնք զբաղեցնում են պաշտոններ, «ունեն մաքուր ձեռքեր, պրոֆեսիոնալ են, բոլորն աշխատելու են, միգուցե՝ ավելի լավ պաշտոններում»:
«Ընդամենը 4.5 մարդ է մնացել, ով տանում է երկիրը կործանման: Փոքրիկ խմբակը շատ է փոքրացել, մինչև հասնենք ընտրության, հույս ունեմ կմնա միայն Փաշինյանը»,- ասաց Կարապետյանը:
Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի
Ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Ընդդիմության շրջանում խուզարկությունները նա «իշխանության ներքին ցնցումների արդյունք» է համարում, որովհետև, ինչպես հայտարարեց, մարզերում շրջագայելով տեսնում են, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, «հույսը դրել են ճնշումների վրա, բայց դա նրանց չի օգնելու»:
Առանց երաշխավորների խաղաղություն չի լինի. Կարապետյան
Մենք այս նվաստացած վիճակից շատ արագ ենք դուրս գալու, առանց երաշխավորների հայ-ադրբեջանական խաղաղություն չի լինի, հայտարարում է Սամվել Կարապետյանը:
«Մի օր Ալիևը զարթնեց ու հիշեց «Գյոկչայի» մասին, ի՞նչ ենք անելու, հավատալո՞ւ ենք Փաշինյանի երդումներին: Խաղաղության մեր բանաձևն ուժեղ դիվանագիտությունն է: Վերականգնել մեր հարաբերությունը մեր դաշնակից երկրների հետ, ուժեղացնել մեր հարաբերությունը մյուս գերտերությունների հետ: Պետք է ունենանք վստահելի հարաբերություններ, փոքր երկիր ենք»,- ասաց Կարապետյանը:
Ընդդիմադիր ուժի առաջնորդը նշեց, թե լինելու են կոնկրետ պայմանագրեր, որտեղ պետությունները երաշխավորելու են Հայաստանի անվտանգությունը:
Պետությունների անուններ չտալով՝ Կարապետյանն ասաց՝ հասկանում են՝ որ պետությունը, չեն ուզում բարձրաձայնել, տարածաշրջանային կարևոր պետություններ են լինելու:
«Եթե ԱՄՆ-ը կուզի ինքն էլ բարձրանա երաշխավորի աստիճանի, մենք միայն ուրախ կլինենք, նույնը՝ ԵՄ-ն: Մենք չենք թողնելու երկիրը Փաշինյանի ու Ալիևի հույսին:
Այսօրվա իշխանությունը, ըստ Սամվել Կարապետյանի, ամեն մի կողմից մյուսն է թռչում՝ իշխանությունը պահելու, Ալիևի նարատիվները Հայաստան մտցնելու համար»,- ասաց Կարապետյանը:
«Ուսումնասիրելու ենք՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն իրեն այդպես պահեց»
Իշխանության գալու դեպքում Կարապետյանի թիմը շարունակելո՞ւ է ՀԱՊԿ-ից դուրս գալու պրոցեսը: Հայաստան ներխուժման ժամանակ չձեռնարկվեց որևէ քայլ՝ անդամ պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Դուրս գալու պրոցե՞սն է շարունակելու, թե՞ կվերականգնի կապը, հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց.
«Առաջին հերթին մենք ուսումնասիրելու ենք՝ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն իրեն այդպես պահեց: Եթե տեսանք՝ անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու, բայց եթե այս իշխանությունը գիտի, որ անիմաստ կազմակերպություն է, ինչո՞ւ դուրս չեն գալիս, ուրեմն պատճառ կա: Միգուցե իրենք չե՞ն կարողանում համագործակցել, Ալիևն ու Էրդողանը թույլ չեն տալիս համագործակցել: Վաղը դուրս ենք գալիս, իսկ փոխարինողն ո՞վ է, Մակրոնն էստեղ էր, կարո՞ղ էր մի սիրուն պայմանագիր ստորագրեր, որ Ֆրանսիան մեր երաշխավորն է բոլոր հարցերում: Թող Ամերիկայի հետ ստորագրի: Բայց ունենք այն, ինչ ունենք՝ ունենք ՀԱՊԿ-ը, Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրեր: Դուրս ենք գալիս, մնում ենք Ալիևի երաշխավորության տակ: Մյուս պետությունների մասով վստահ չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մեր երկրի համար ճակատագրական քայլեր էմոցիաների տակ չենք անելու»,- հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը:
Հայաստանը տևական ժամանակ դժգոհում էր, որ Ռուսաստանը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ 2022-ին Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման ժամանակ, նաև որ 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անգործություն են ցուցաբերել: