Աղմուկ բարձրացրած տեսանյութից 12 ժամ անց Ազգային անվտանգության ծառայությունը հանգստացնում է մարդկանց՝ Հանրապետության հրապարակում զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, ոչ թե Ադրբեջանի:
Սոցիալական ցանցերը երեկվանից պայթում են. մի խումբ ադրբեջանցիներ կառավարության շենքի հարևանությամբ զվարճանում են, Ղարաբաղի մասին ադրբեջաներեն երգում ու պարում: Հրապարակված տեսանյութը հայաստանյան սոցիալական հարթակներում տարածվում էր տագնապով, թե ինչպե՞ս են մի տարածքում, որ շուրջօրյա հսկում են ոստիկանները, ադրբեջաներեն երգում ու ուրախանում:
Եթե Իրանի քաղաքացի են և ոչ թե Ադրբեջանի, չի նշանակում, որ անհանգստանալու բան չկա, տեսանյութին արձագանքել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Նա նշել է, որ զվարճացողները, մեծ հավանականությամբ, Իրանի հյուսիսային թուրքախոս նահանգներից են: Երգը ադրբեջանական կիսաաշուղական երգ է, որ Թավրիզում հայտնի է, շատերը գիտեն: Իրանագետը պատահական չի համարում Երևանի կենտրոնում ադրբեջաներեն կատարումը:
«Կան բազմաթիվ հարցեր Երևանի հրապարակում նման երգի կատարման մոտիվացիաների, հնարավոր պատվիրատուների մասով։ Բացառված չէ, որ Երևանի հրապարակում կատարվածը տեղի է ունեցել Թուրքիայի և/կամ Ադրբեջանի պատվերով, որի նպատակներից է եղել ինչպես հանրային խուճապի տարածումը, ՀՀ-ում անապահովության զգացողությունը խորացնելը, այնպես էլ Հայաստան-Իրան հարաբերությունները թիրախավորելը», - գրել է Տոնոյանը սոցիալական ցանցում։
Իրանագետ Ալեն Շադունցի կարծիքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը այս երևույթին մատների արանքով չպետք է նայի, հանգստացնելու փոխարեն քայլեր պետք է անի, որ չկրկնվեն այս դեպքերը: Գուցե Ադրբեջանի մակարդակով կազմակերպած սադրանք չէ, ինքնաբուխ են զվարճացել, բայց ազդակ է, որ Հայաստանի իրավապահները ուշադիր լինեն, «Ազատությանն» ասաց նա:
«Հենց վերջին մի քանի տարիներին Իրանի հյուսիսում այդ էթնիկ ատրիբուտները սկսել են ավելի երևալ, հատկապես այս ցույցերի ֆոնին: Ու ադրբեջանական կողմը, ճիշտ է շատ զգուշությամբ, բայց փորձել է դա շահագործել, ու հնարավոր է՝ այդ ամենի ֆոնին էթնիկ ինքնագիտակցության էլեմենտներն ավելի տեսանելի են դարձել Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների շրջանում: Հիմա էլ, ոնց հասկանում եմ, իրենք Նոր տարուն եկել են, ու իրենց համար դա եղել է հետաքրքիր ու պրովոկատիվ, որ Երևանի հրապարակի մեջտեղում կանգնեն ու սկսեն նման երգ երգել», - ասաց նա:
Տեսանյութը լայն տարածվել է ադրբեջանական ու հայկական հարթակներում: Իրանագետ Շադունցի կարծիքով՝ սա կարող է ոգևորել ադրբեջանցիներին, նոր մտքեր տալ, ուղղորդված այսպիսի տեսանյութեր նկարեն ու տարածեն՝ հոգեբանորեն ճնշելով հայերին: Սա ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ, ըստ իրանագետի, Հայաստանի իրավապահները անելիք ունեն:
Երեկ, երբ տարածվում էր տեսանյութը, Հայաստանի իրավապահ կառույցներից արձագանք չկար: Ազգային անվտանգության ծառայությունն այսօր է հրապարակել երգող տղամարդկանց անուններն ու լուսանկարները: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք Նոր տարվա օրերին են եղել Հայաստանում՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը: