Հայկական կողմը տեսնում է հնարավորություն՝ համաձայնեցնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը, խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ազատության» հարցին, թե հնարավորություն կա՞ ամբողջությամբ համաձայնեցնել չհամաձայնեցված կետերը՝ փաստաթուղթը ստորագրելու համար, նա պատասխանեց. - «Մենք նման հնարավորություններ տեսնում ենք»։
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է այդ պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Հայաստանը նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում է առաջարկել, Ադրբեջանն այդ առաջարկներին չի արձագանքել:
Արայիկ Հարությունյանը մանրամասներ չհայտնեց Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումից, սակայն նշեց, որ բոլոր նման հանդիպումները դրական են գնահատում երկխոսության առումով։
«Վստահաբար միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացները, որոնք նախաձեռնվել են, և խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դառնա։ Կարծում եմ՝ նման շփումներն օգուտ տալիս են», - հավելեց նա։
Կազանում մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Որևէ առաջընթացի մասին կողմերը չէին հաղորդել։