Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը կրակոցներ արձակելու մասին:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը ևս հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանի զինուժը «հրաձգային զենքով թիրախավորել է ադրբեջանական դիրքերը»։
«7-ից մինչև 11-ը եղել եմ հենց դիրքերում, իմ վարչական տարածքում՝ մինչև Սև լճի կողմերը, որտեղից պետք է լսվեին ձայները, ընդհանրապես այդպիսի ձայն չի եղել», - «Ազատությանը» հայտնեց Միրզոյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հիշեցրել է, որ Երևանն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել կրակոցների մասին: