Մատչելիության հղումներ

Երևանը հաստատում է՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարում է՝ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ «Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»։

«Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ», - նշում է պաշտոնական Երևանը։

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

«Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Այսօր Ադրբեջանի ատգործնախարարն էր հայտարարել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»։ Ըստ Բայրամովի՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG