Երևանում դարձյալ ծեծի են ենթարկել մայրաքաղաքի խնդիրների մասին բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ «ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում են ստացել, ոստիկանները մեկ անձի են ձերբակալել»:
«Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ», - հայտնեց ՆԳՆ խոսնակը՝ առանց հստակեցնելու, թե ով է ձերբակալվածը:
Ակտիվիստի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել, իսկ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը պնդում է, որ ծեծը կապված է Չախոյանի մի հրապարակման հետ, որտեղ նա պնդել էր, որ «Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով»: Նա քաղաքային իշխանությանն էր մեղադրել այս ամենի վրա աչք փակելու համար: