Երևանում է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռևանչին: Հայկական կողմը հաղորդում է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։
Միրզոյանն ընդգծել է Երևանի հստակ դիրքորոշումը, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակում, անդրադարձել է այդ ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռնվող հնարավորություններին։ Մանրամասներ չեն հաղորդվում:
Իրանից ժամանած պատվիարկության հետ ապաշրջափակումը քննարկել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ հաղորդագրության՝ երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումը՝ ի շահ երկու երկրների, այդ համատեքստում Արմեն Գրիգորյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հարցում Երևանի հետևողական մոտեցումը։ Թեհրանը դեռ չի հաղորդել իրանցի դիվանագետի երևանյան հանդիպումների մասին: Երեկ միայն նշվել էր, որ փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ-Ռևանչին Երևանում քննարկելու է այդ թվում՝ տարանցիկ, տրանսպորտային ոլորտում հարաբերություններն ու Հարավային Կովկասում խաղաղության թեման:
Իրանի պաշտոնյայի այցը հաջորդում է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի աղմկահարույց հայտարարությանը, թե «Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքի նախագիծը», ուստի Թեհրանը կտրականապես դեմ է դրան: Ընդ որում, Վելայաթին այս պնդումն արել էր Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը: Պետական լրատվամիջոցը մեջբերել էր հոգևոր առաջնորդի խորհրդականի խոսքերը, թե միջանցքը կարող էր հնարավորություն տալ ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսում՝ անվտանգության լուրջ ռիսկեր ստեղծելով Իրանի և Ռուսաստանի համար: Հայաստանի դեսպանը պարզաբանող հարցազրույց էր տվել տեղի Թասնիմ գործակալությանը՝ շեշտելով, որ «միջանցք», ձևակերպումը հակասում է վաշինգտոնյան հռչակագրի տառին և ոգուն, հայ դիվանագետը Իրանի փորձագիտական հանրությանը հորդորել էր չօգտագործել այդ եզրույթը: Դեսպանը փորձել էր փարատել Թեհրանի մտահոգությունը.
«Ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կունենա Իրանի հետ։ Սա աննախադեպ հնարավորություն կստեղծի Իրանի համար՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Վրաստանի հետ՝ կապվելով սևծովյան նավահանգիստներին։ Կարևոր է նաև, որ «TRIPP ուղի» նախագծում երրորդ կողմի ներգրավման հարցում Հայաստանը և Միացյալ Նահանգներն ունեն հավասար վետոյի իրավունք, ուստի ցանկացած կողմ միայն Երևանի և Վաշինգտոնի համաձայնությամբ կարող է ներգրավվել այդ ծրագրին» , - ասել էր Գրիգոր Հակոբյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին հավաստիացրել էր, որ իրանական կողմում անհնանգստանալու պատճառ չունեն:
Տարեվերջից ակտիվացել է նաև Մոսկվան, ռուսաստանցի տարբեր պաշտոնյաներ Երևանին զգուշացնում են, որ «Թրամփի ուղին» կարող է հակասել Եվրասիական միությանը կամ հիշեցնում են, որ հայկական երկաթուղին կառավարում է ռուսական ընկերություն:
Իրանի փոխարտգործնախարարի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արդեն քաղաքական համաձայնություն կա.
«Մենք, հասկանալիորեն, մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին: Ըստ էության, մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ, տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի», - ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ նշել է նախարար Միրզոյանը: