Մատչելիության հղումներ

Երևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցին


Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրել են համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Այդ մասին հայտարարվեց Արարատ Միրզոյանի, Կայա Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մարթա Կոսը նախօրեին հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր, այդ թվում՝ անվտանգային, պաշտպանական բաղադրիչներ է ներառում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե անվտանգային, պաշտպանական կոնկրետ ինչ համագործակցություն է նախատեսում փաստաթուղթը։

Նշելով, որ անվտանգային և պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցերով զբաղվում է Կայա Կալլասը, ով այցելել էր Հայաստան, Մարթա Կոսն ասել է, որ խորհրդակցությունները կշարունակվեն նաև ապագայում. - «Դա կնշանակի նաև, որ մենք նաև նրա միջոցով՝ որպես փոխնախագահ և բարձր ներկայացուցիչ, կգնահատենք և կհետևենք զարգացումներին տարբեր շատ ոլորտներում, օրինակ՝ ինչպես, և դա կախված է նաև, անշուշտ, նրանից, թե ինչի կարիք դուք ունեք, բայց նաև՝ թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո, ինչպես մենք կարող ենք օգնել, եթե Ռուսաստանն անի սա, սա, սա: Մի ոլորտում, որն ուղղակի իմաստով անվտանգություն և պաշտպանություն չէ, բայց բառի ավելի լայն իմաստով՝ այո, մենք համագործակցում ենք, և դա ապատեղեկատվությանը և արտաքին միջամտությանը հակազդելն է»:

Կոսի խոսքով՝ կողմերն ընդլայնելու են համագործակցությունը այլ ոլորտներում ևս, մասնավորապես՝ տնտեսական. ԵՄ-ն աջակցելու է Երևանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու ներդրումների հարցում։

Երևանն ու Բրյուսելը դեռ 2024-ի տարեսկզբին էին հայտարարել, որ աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ: Արդեն այս տարի հունիսին Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ ճեպազրույցում Հայաստանի արտգործնախարարը հայնտեց, որ կողմերն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։

Արարատ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթը «հավակնոտ» էր որակել ու պնդել՝ այն ավելի է խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցությունը։

Փաստաթուղթն ավելի քան 70 էջից է բաղկացած և դառնալու է ճանապարհային քարտեզ Երևան-Բրյուսել հարաբերությունների համար:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG