Բղավոցներ, լռելու փոխադարձ կոչեր... Երևանի ավագանու հերթական նիստն այս անգամ էլ լարված մթնոլորտում անցավ՝ փոխադարձ խայթոցներով:
Կրքերի շիկացման պարբերականությունն ուղիղ համեմատելի էր հսկող ոստիկանների՝ նախասրահ մտնել-դուրս գալու ինտենսիվությանը: Բանը ուժային գործողություններին չհասավ, լարվածությունը, սակայն, օդում մնաց մինչև վերջին պահը: Իշխանականների ու ընդդիմադիրների ելույթները հաճախ ոչ թե երևանյան խնդիրների, այլ միմյանց հասցեին ամենատարբեր քաղաքական մեղադրանքների մասին էին. մայրաքաղաքի զարգացման շուրջ որոշում կայացնողներն այսօր անգամ միմյանց հագուկապը քննարկելու ժամանակ գտան.
«Այո, փողկապը լրջացնում է այս դահլիճը, և հետևաբար՝ թե՛ այս պահին փոխքաղաքապետը, որը նստած է բոլորիս դիմաց, և թե՛ քաղաքապետը կրում են փողկապ՝ ի տարբերություն ձեր սուպերհերոսի, որը ոչ մի ավագանու նիստին, Հայկ Մարությանը, չի կրել փողկապ», - հայտարարեց ավագանու իշխանական անդամներից մեկը:
Այս օրերին երևանցիներին հուզող գլխավոր թեմաներից մեկը՝ տրանսպորտի համար չվճարողներին տուգանելու առաջարկը, նիստի ընթացքում քննարկման առարկա չդարձավ: Ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ը տրանսպորտի թանկացումները չեղարկելու նախագիծ էր ներկայացրել, իշխանությունները, սակայն, քվորում չապահովեցին, և հարցը չքննարկվեց:
Հարյուր հազարավոր երևանցիներին առնչվող տուգանքների նախագիծը, մինչդեռ, արդեն խորհրդարանում է՝ ընթացող նստաշրջանի օրակարգում: Քաղաքապետարանն առաջարկում է տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանել 10 հազար դրամով, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ անձ երթևեկի, տուգանքի չափն է՛լ ավելի մեծ կլինի՝ 15 հազար դրամ:
Ի՞նչ անել չտուգանվելու համար. եթե նախագծերի փաթեթն ընդունվի, քաղաքացիները պարտավոր կլինեն ավտոբուս բարձրանալուց անմիջապես հետո առավելագույնը մեկ րոպեում վավերացնել իրենց տոմսը: Մի բան, ինչը հենց հիմա հատկապես պիկ ժամերին շատ դեպքերում պարզապես անհնար է: Ուղեվարձի բարձրացմամբ առայժմ չի լուծվել տրանսպորտի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հարցը:
Առաջարկի հեղինակները պատկերացնո՞ւմ են, թե իրականում ինչ է կատարվում ավտոբուսներում: Փոխադարձ մեղադրանքներով ուղեկցվող ավագանու նիստի ընդիմիջմանը «Ազատություն»-ը տրանսպորտային բարեփոխումների գլխավոր ճարտարապետին հարցեր տալու հնարավորություն ունեցավ:
«Ժամը 7-ին, երեկոյան 6-ից 8-ը, Երևանում ավտոբուս Դուք վերջին անգամ ե՞րբ եք նստել», - այս հարցին տրանսպորտային փոփոխությունները համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. - «Չեմ կարա հիշեմ՝ կոնկրետ Ձեր ասած ժամերին երբ եմ նստել»:
Գրիգորյանը սեփական առողջությունը չվտանգելու ու մեկ րոպեում վալիդատորին մոտենալու դիլեմային այսպես է արձագանքում՝ եթե քաղաքացին սարքին մոտենալ չկարողանա, նմանապես ավտոբուս բարձրանալու խնդիր կունենա նաև հսկիչը. - «Այսինքն՝ եթե լինի անհնար էդ պահին վավերացումը, նաև կլինի ահնար վերահսկողությունը, եթե լինի էդպիսի իրավիճակ»:
Եթե երկար՝ MAN ավտոբուսներում երկու վալիդատոր կա, ավելի կոմպակտ Zhongtong-երում միայն մեկն է տեղադրված, քաղաքացիները և' ավտոբուսում մի կերպ տեղավորվելու հնարավորություն պետք է փնտրեն, և' մեկ րոպեում սարքին մոտենալու տարբերակ մշակեն: Հաշվի առնելով ժամանակի և տարածության մասին մարդկության պատկերացումները՝ կանոնին հետևել մեծ ցանկության դեպքում էլ չի ստացվի. 60 վայրկյանում կանաչ լույսը տեսնելու համար մի տարբերակ է մնում՝ մյուսներին հրել-քաշքշել:
«Հայտարարել ենք, և ես կարծում եմ՝ մինչև օրենքի ընդունումը կամ օրենքի ընդունումից կարճ ժամանակ անց մենք ոնց որ MAN ավտոբուսները, Yutong տրոլեյբուսները, այդպես էլ Zhongtong ավտոբուսները կահավորելու ենք երկրորդ վալիդատորով, և էդ ժամանակ, կարծում եմ, էդ հարցը եթե չի վերանա, ապա էականորեն էդ դեպքերը, երբ որ իրոք անհնար ա, կպակասեն», - վտահեցրեց Գրիգորյանը:
Վալիդատորների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը քաղաքային իշխանություններն ամիսներ առաջ են խոստովանել ու խոստացել՝ նորերը կտեղադրվեն, բայց ավտոբուսներում դեռ փոփոխություն չկա:
«Արդեն քանի ամիս ա՝ պատվերը դրվել ա, պատրաստվել ա, և փոքր խմբաքանակ չի, և գալիս ա, ճանապարհին ա», - ասաց փոխքաղաքապետը:
Առաջարկվող նախագծով հսկիչները չվճարողներին տեսանկարահանելու և ձայնագրելու հնարավորություն կունենան՝ անձի նույնականացում կատարելու համար:
«Քաղաքացիներին, առնվազն մի մասին պետք ա ծանոթ լինի, որ պարեկներն էլ են իրականացնում՝ պարեկային ծառայության մեր գործընկերները, վարչական իրավախախտումների շրջանակներում: Այսինքն, ոչ մի նորություն ստեղ, մեզ անծանոթ կամ ինչ-որ բացառիկ բան չկա», - նշեց Սուրեն Գրիգորյանը:
Չնայած այս խնդիրներին, փոխքաղաքապետը վստահ է՝ այս ամենը կարող են գործնականում կիրառել: