Բայանդուր-Ղարիբջանյան հատվածի նորոգման աշխատանքները առաջիկա օրերին կսկսվեն և կավարտվեն այս տարի, այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել այդ ճանապարհահատվածի վերաբերյալ հրապարակած տեսանյութի տակ գյումրեցի Արմեն Գասաբյանի արած մեկնաբանությունը:
Գասպարյանը մասնավորապես նշել էր, թե «հասեք Բայանդուր կտեսնինք նոր տեսքը, անպայման կնկարեք, որ մնացածն էլ տեսնին»։ Վարչապետն էլ արձագանքել էր, որ իրեն «մի քիչ ավանսով են զեկուցել» ու հայտնել, թե «այդ հատվածը, ի տարբերություն մյուսների ենթակա է միջին նորոգման և ոչ թե հիմնանորոգման։ Ուստի՝ Բայանդուր-Ղարիբջանյան հատվածի նորոգման աշխատանքները առաջիկա օրերին կսկսվեն և կավարտվեն այս տարի»։
Իր կաբինետի 5 անդամների պաշտոնանկությանը հանգեցրած կառավարության նախորդ նիստում, երբ հասան Գյումրի-Բայանդուր ճանապարհի նորոգմանը գումար հատկացնելու հարցին, Փաշինյանը առանց պաշտոնյայի անուն տալու զայրացավ, թե ինչո՞ւ են իրեն սխալ զեկուցել:
«Սոցիալական ցանցում, որ քաղաքացիները մեղադրեցին հերթական լկտի սուտը տարածելու մեջ, էդ մարդիկ ճիշտ դուրս եկան: Սա էլի խոսում է զեկույցի մասին: Այսինքն կարելի՞ է սենց բան անել», - ասել էր վարչապետը:
Այս նիստից հետո աշխատանքից ազատվեց նաև ճանապարհների շինարարությունը պատվիրող ու վերահսկող տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ Արդյոք նա՞ էր սխալ զեկուցել վարչապետին, այդպես էլ հրապարակային չհայտարարվեց։ Համենայնդեպս, գրառումը կատարած Արմեն Գասաբյանը գոհ է, ասում է՝ եթե սուտ վկայություն տալու համար մարդուն դատում են, ապա սուտ զեկուցելու համար էլ կարելի աշխատանքից ազատել։
Գյումրի - Բայանդուր ճանապարհի մի մասն այս պահին ասֆալտապատված է, մյուս մասում էլ հին ասֆալտի շերտն են քանդում։ Մոտ 10 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման համար պետությունը «Եվրոասֆալտ» ընկերությանը 600 մլն դրամ է հատկացրել։ Շինարարական ընկերությունից փոխանցում են՝ եթե եղանակը չխանգարի, դեկտեմբերի կեսին գործը կավարտեն։
Նորոգմանը սպասող Բայանդուրում լսել էին, որ իրենց գյուղի մոտով անցնող ճանապարհի հարցն է հավանաբար նաև նախարարի պաշտոնանկության պատճառը դարձել։
Մանրամասներն՝ «Ազատության» ռեպորտաժում.