Մատչելիության հղումներ

Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման․ Ադրբեջանի ԱԳՆ


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում

Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի ելույթը՝ Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Հայկական կողմը փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, մանիպուլյացիաներով է զբաղված՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ», - APA-ին ասել են արտգործնախարարությունից՝ նշելով, որ «Ադրբեջանը կշարունակի խաղաղությանն ուղղված ջանքերը և վճռականորեն կճնշի այդ գործընթացի դեմ ուղղված քայլերը»։

Միրզոյանը Բրազիլիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, սակայն, ինչպես Միրզոյանն է նշել, խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:

«Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը», - ասել է արտգործնախարարը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Բաքուն հումանիտար խնդիրների լուծման պայմաններ է առաջ քաշել

Բաքուն, այսօր կրկին պայմաններ է առաջադրել՝ «եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը, տեղեկատվություն տրամադրի մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների մասին և համագործակցի տեղադրված ականների, դրանց քարտեզների մասին տեղեկություններ տրամադրելու հարցում»։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։

Պաշտոնական Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան և որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։

Հայաստանը 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։ Բաքվի պահանջած 4000 անհետ կորած ադրբեջանցիների թվի մասին Երևանում տեղյակ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG