Մատչելիության հղումներ

Երբ և ինչպես հայր Ալիևը համաձայնեց «իջեցնել նշաձողը»


Նոր մանրամասներ ղարաբաղյան կարգավորման բանակցություններից

Մինչ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե հրադադարի հաստատումից՝ 1994 թվականից ի վեր Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները եղել են միայն Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տարիներ առաջ հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են՝ հայկական կողմը պահանջել է անկախություն, և առնվազն 1997-ին հայր Ալիևը՝ Մինսկի խմբի համանախագահների ճնշման տակ, Վաշինգտոնում համաձայնել է կարգավորման փուլային տարբերակին, որով հայկական ուժերը պետք է դուրս բերվեին Ղարաբաղի հարակից վեց շրջաններից, կողմերի միջև ստեղծվեր բուֆերային գոտի՝ բազմազգ խաղաղապահ ուժերով, բացվեին տարածաշրջանի ճանապարհներն ու երկաթգծերը: Դրանից հետո՝ երկրորդ փուլում արդեն, պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը շաղկապվում էր հայկական ուժերի դուրսբերման հետ Լաչինից ու Շուշիից։ Ալիևն անգամ ասել էր՝ պատրաստ է ուղիղ բանակցությունների ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին Մինսկի խմբի իր գործընկերներին գրել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը 1997 թվականի օգոստոսի 7-ին՝ Միացյալ Նահանգներ Հեյդար Ալիևի այցից հետո (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Նա (Ալիևը) թե' բաց տեքստով, թե' առանձնազրույցների ժամանակ հաստատեց Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ուղիղ բանակցությունների մեջ մտնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ՝ Մինսկի խմբի հովանու ներքո։

Նա հրապարակավ ընդունեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկը որպես բանակցությունների հիմք»։

Սա Հեյդար Ալիևի առաջին պաշտոնական այցն էր Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա առաջին պայմանագրերը կնքեց ամերիկյան նավթարդյունաբերության հսկաների՝ Exxon-ի, Mobil-ի ու Chevron-ի հետ։ «Ես երախտապարտ եմ այս պատմական հնարավորության համար», - ըստ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի՝ փակ դռների ետևում ասել է նա Միացյալ Նահանգների նախագահին։ Քլինթոնն, իր հերթին, ակնարկել է՝ ակնկալում են, որ Ադրբեջանի նախագահը դրական հայտարարություն անի Ղարաբաղյան խնդրի և ուղիղ բանակցությունների պատրաստակամության մասին։ Հենց այդտեղ է, որ Ալիևը Քլինթոնին ասել է՝ պատրաստ է գնալ կարգավորման՝ ըստ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկի (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Այդ առաջարկը բաղկացած է երկու փուլից։ Առաջինով հայկական զինված ուժերի դուրս են բերվում վեց շրջաններից, փախստականները վերադառնում են այդ շրջաններ։ Երկրորդ փուլում կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչից հետո մնացած երկու շրջանները կազատագրվեն։ Եթե մենք առաջին փուլի լուծմանը հասնենք և երաշխավորենք հայկական ուժերի դուրսբերումն ու փախստականների վերադարձը, դա կարագացնի մյուս խնդիրների լուծումը։ Ես պատրաստ եմ սա հայտարարել այսօր։ Ինչ վերաբերում է ուղիղ բանակցություններին՝ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում։ Մենք կշարունակենք դա, և ես պատրաստ եմ հայտարարություն անել դրա վերաբերյալ»։

Խոստացված հայտարարությունը հնչում է Ջորջթաունի համալսարանում։ Իր մտադրություններն ու սեղանին դրված տարբերակն առավել հասկանալի դարձնելու համար Հեյդար Ալիևն ի ցույց է դրել հատուկ քարտեզ, որի վրա Լեռնային Ղարաբաղը ներկված էր մեկ գույնով, շրջակա տարածքները ՝այլ։ Ղարաբաղի հարակից շրջանների ու Շուշիի մասին խոսելիս Ալիևը նշել է՝ դրանք ադրբեջանական հողեր են, Ղարաբաղի դեպքում ասել՝ կարգավիճակը կորոշվի երկրորդ փուլում։ Ադրբեջանի նախագահի այդ՝ 1997 թվականի ելույթը հրապարակված է նրա պաշտոնական կայքում.

«Առաջին փուլում նախատեսված է հետևյալը՝ հողերը ազատագրվում են, և ԵԱՀԿ խաղաղապահ ուժեր են տեղակայվում՝ դա երաշխավորելու։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է որոշվել երկրորդ փուլում՝ Լաչինի ու Շուշայի հարցերի հետ միասին։ Լեռնային Ղարաբաղի հիմնական մտահոգությունը իր կապն է Հայաստանի հետ։ Այս ճանապարհը, որ տեսնում եք քարտեզի վրա, տանում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի տարածքով Հայաստանի հետ կապվելու հաղորդակցության միջանցք ունենա։ Այդ երակը պետք է լինի ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ»։

Հետո նույնը Ալիևը ասել է նաև «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։ Ռադիոկայանի թղթակից Էլմիրա Ամրքըզին Վաշինգտոնից հաղորդել էր (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Երեկ առաջին անգամ նախագահ Ալիևը բացահայտեց Մինսկի խմբի ներկայացրած խաղաղության պլանի հիմնարար սկզբունքները։ Առաջին մասը նախատեսում է հայկական զինված միավորումների դուրսբերում Ադրբեջանի վեց գրավյալ շրջաններից և փախստականների վերադարձ այդ տարածքներ։ Երկրորդ մասը ներառում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Լաչինի ու Շուշիի ազատագրումն ու փախստականների վերադարձը»։

Խոսելով կարգավիճակի մասին՝ Ալիևը վերահաստատել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության՝ երբևէ հայտնի ամենաբարձր աստիճանը, սակայն, Հայաստանը դրան չի համաձայնում։ Պաշտոնական Երևանը, առնվազն այդ տարիների գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, պահանջել է Ղարաբաղի անկախություն՝ մերժելով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին բազմաթիվ դիվանագիտական հեռագրեր կան․ 1996-ին, օրինակ, Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը դիվանագիտական հեռագիր է ուղարկել Վաշինգտոն, պատմելով (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Երբ լրագրողները հեռացան, Ալիևը բարձրացրեց Ադրբեջանի համար առանցքային հարցը՝ տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի կարգավիճակը, որպես անկախ պետություն (և Ալիևի՝ իշխանությունը պահելու կարողությունը) պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևը պնդեց, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հնարավոր չի լինում հասնել, քանի որ Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել»։

Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն էլ մանրամասներ էր գաղտնազերծել Հայաստանի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ իր հանդիպումներից ու պնդել՝ բանակցային յուրաքանչյուր կետով «Հայաստանը նպատակ ունի ոչ թե դե ֆակտո, այլ՝ դե յուրե անկախության հասնել»։

Ալիևն իր հերթին պնդում էր՝ համաձայն է ինքնավարության ցանկացած ձևի, բայց՝ ոչ անկախության.

«Մենք երբեք դրան չենք համաձայնի, միջազգային հանրությունն էլ չի համաձայնի, ոչ էլ կարող ենք թույլ տալ երկրորդ հայկական պետության ստեղծումն այդ տարածքի վրա»։

Կողմերի՝ տրամագծորեն իրարամերժ այդ դիրքորոշումները մոտեցնելու համար է, որ միջնորդներն առաջարկել էին շարժվել փուլ առ փուլ․ նախ՝ վերացնել պատերազմի հետևանքները, հաստատել դիվանագիտական ու առևտրային հարաբերություններ, վերականգնել փոխադարձ վստահությունը, հետո՝ որոշել Ղարաբաղի կարգավիճակը։ Տևական ժամանակ Բաքուն մերժում էր փուլային այս տարբերակը։ Փոխպետքարտուղար Թալբոթի գաղտնի հեռագիրը, սակայն, վկայում է, որ Ադրբեջանի առաջնորդը 1997-ին Վաշինգտոնում համաձայնել է, ինչը լավատեսության հսկայական հիմք էր տվել միջնորդներին։ «Ես արել եմ իմ կողմից զիջում, Հայաստանն էլ իր կողմից պետք է անի», - ասել էր Ալիևը Քլինթոնին՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«(Ալիևի) Այցը հաստատեց, և գուցե անգամ առաջ տարավ այն առաջընթացը, որին մենք հասել էինք անցած մի քանի ամսում։ Նախագահ Ալիևը Ղարաբաղյան խնդրի կարգավորումը դրեց վաշինգտոնյան իր օրակարգի ամենավերևում՝ գնահատելով միջորդների ջանքերը լուծման հասնելու ուղղությամբ», - տեղեկացրել է Թալբոթը ռուսներին ու ֆրանսիացիներին։

Ինչ էր շահում Ադրբեջանը, և ինչու էր Հեյդար Ալիևը համաձայնել «իջեցնել նշաձողը»

1993-ին գալով իշխանության՝ Հեյդար Ալիևը ստացել էր մի երկիր, որի 20 տոկոսը, ինչպես ինքն էր ասում՝ օկուպացված էր, մեկ միլիոնից ավելի փախստական կար, տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի, ավելի աղքատ էր, քան շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանը։ 1996-ին Բաքվում Ալիևի հետ բանակցություններից հետ փոխպետքարտուղարը հեռագրել է Վաշինգտոն (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Ալիևն ասաց, որ ուզում է մեկ բան ընդգծել՝ ինքն անձնապես համոզված է, որ հիմա ճիշտ ժամանակն է գնալ խաղաղության։ Ադրբեջանը տևական խաղաղության կարիք ունի՝ օդի ու ջրի նման»։

Նույն կերպ՝ օդի ու ջրի նման Բաքվին անհրաժեշտ էին արևմտյան ներդրումներ ու տեխնոլոգիաներ՝ խորհրդային սարքավորումներով անհասանելի նավթն ու գազը արդյունահանելու համար։ Սակայն Ադրբեջանն ուղիղ օգնություն չէր կարող ստանալ Միացյալ Նահանգներից, քանի դեռ, Կոնգրեսի ձևակերպմամբ, «քայլեր չէր ձեռնարկել Հայաստանի ու Ղարաբաղի դեմ շրջափակումն ու ուժի գործադրման մյուս միջոցները վերացնելու ուղղությամբ»։ Այս պատժամիջոցը վերանայելու հարցը Ալիևը բարձրացնում էր ամերիկյան կողմի հետ անխտիր բոլոր հանդիպումներում, Վաշինգտոնից էլ հակադարձում էին՝ նախ անհրաժեշտ է քայլեր անել Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին 1997-ին նաև նախագահ Բիլ Քլինթոնն էր ասել դռնփակ հանդիպմանը (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Մեզ մոտ նախագահը չի կարող իր կամքը թելադրել Կոնգրեսին, եթե անգամ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում իր կուսակիցները։ Այստեղ կա նաև ամերիկահայերի էական ազդեցությունը։ Բայց կարծում եմ՝ Կոնգրեսը հասկանում է, որ մենք պետք է վերջ դնենք 907-րդ ենթաբաժնին, և կարծում եմ՝ նրանք կաջակցեն դա փոխելու, անգամ՝ վերացնելու իմ խնդրանքին, եթե, իհարկե, Ղարաբաղյան հարցը լուծվի»։

Մյուս հարցը, որ, ըստ Պետդեպի փաստաթղթերի, Ալիևը շարունակ բարձրացրել է ամերիկյան կողմի հետ հանդիպումներում, իր պաշտոնական այցն էր Միացյալ Նահանգներ։

Կովկասի մյուս երկու առաջնորդները՝ Շևարդնաձեն ու Տեր-Պետրոսյանն արդեն եղել էին Սպիտակ տանը, Ալիևը՝ դեռ ոչ, և նա բաց և փակ հանդիպումներում նախագահ Քլինթոնին մեծարելու, նրա հետ կապերն ի ցույց դնելու առիթը բաց չէր թողնում։ «Դա Ալիևին պետք է ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին լսարանի համար», - 1996-ին Բաքվում հանդիպումներից հետո հեռագրել էր փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Ճաշի ժամանակ Ալիևը մի երկարաշունչ կենաց ասաց Նախագահ Քլինթոնի պատվին։ ․․․ Ալիևի համար Նախագահի հետ ցանկացած հաղորդակցություն էական է, դրանով նա ամրապնդում է դիրքերը սեփական ժողովրդի առջև, նաև ուզում է ցույց տալ ռուսներին ու իրանցիներին, որ ունի այնպիսի կապեր, որոնցով կարող է հակակշռել տարածաշրջանում գերակայություն վերցնելու նրանց (Ռուսաստանի ու Իրանի) փորձերին»։

Քլինթոնը, որի հետ Ալիևը մեծ հույսեր էր կապում, 1997-ի օգոստոսին հրավիրել էր նրան Սպիտակ տուն, միաժամանակ խորհուրդ տվել Ղարաբաղյան խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն նայել ապագային․ «Տասը տարի անց՝ նավթի զարգացմամբ ու խողովակաշարերով, Ադրբեջանը կհասնի աշխարհին», - ասել էր Քլինթոնը դռնփակ զրույցում, որի սղագրությունը գաղտնազերծվել է Սպիտակ տան կողմից (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Կարևոր է, որ երբ երկիրը մեծ ճանապարհի վրա է, այդ ճանապարհից դուրս չմղվի մի փոքր քարի պատճառով։ Սա (Ղարաբաղը) լուրջ և զգացմունքային հարց է, որ այսօր ժայռաբեկորի է նման։ Բայց այն առավելությունները, որ Ադրբեջանն ունի ապագայում, կստիպեն դրան դառնալ մի փոքր քար, և մենք ուզում ենք օգնել ձեզ այդ գործում»։

Ինչ էր ստանում հայկական կողմը

Համաձայնելով զորքերը դուրս բերել վեց շրջաններից և թողնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ապագային՝ ո՞րն էր երաշխիքը, որ Ադրբեջանն ի վերջո կհամաձայներ Ղարաբաղի լիակատար անկախությանը։ 1997-ին ներկայացված փաստաթղթերում, որոնք հրապարակել է Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ինչպես նաև Պետդեպի գաղտնազերծած հեռագրերում նման երաշխիք չկա։ Մյուս կողմից, փուլային տարբերակում չկա նաև կանխորոշում, որ Ղարաբաղը պետք է անպայման լինի Ադրբեջանի կազմում։ Չխոստանալով ոչ լիակատար անկախություն, ոչ էլ տարածքային ամբողջականություն՝ միջնորդները դրա փոխարեն ամրագրել էին անվտանգության ու ինքնակառավարման հստակ երաշխիքներ։ 1997-ին տված հարցազրույցում Ալիևը հստակ նշել էր (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Այդ շրջանների ազատագրումից հետո խաղաղապահներ են տեղակայվելու Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի սահմաններին։ Հետո՝ երկրորդ փուլում, լուծվելու է Շուշիի ու Լաչինի հարցը։ Ալիևն ասաց՝ Լաչինի միջանցքն առանցքային է հակամարտության համար, Ադրբեջանը կարող է լիազորել, որ այդ միջանցքը լինի միայն միջազգային ուժերի վերահսկողության տակ»։

Գրավված տարածքներն ազատելուց հետո կողմերի միջև պետք է ստեղծվեր բուֆերային գոտի, որը լինելու էր չբնակեցված, ամբողջությամբ ապառազմականացված․ այստեղ տեղակայվելու էին միայն խաղաղապահներ, ընդ որում, ոչ թե մեկ երկրից, այլ՝ ԵԱՀԿ մի քանի պետություններից։ Բազմազգ խաղաղապահ առաքելությունն էր երաշխավորելու, որ բուֆերային ու բաժանարար գոտիներում ծանր զրահատեխնիկա չմնա, ռազմական թռիչքները դադարեցվեն։ Ուժերի դուրսբերմանը զուգահեռ՝ կողմերը նաև պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկեին ճանապարհների, երկաթուղիների, առևտրային և այլ հարաբերությունների բացման համար։

Տարածաշրջանում ադրբեջանական խողովակաշարերի կառուցման առաջին պայմանագրերն էին կնքվում այդ ժամանակ, և Հայաստանը փաստացի կարող էր այդ գործընթացի մաս դառնալ։

«1997-ը գազամուղների ու տրանսպորտային գծերի հարցով որոշումների տարի է լինելու։ Եթե Հայաստանն ի վիճակի չլինի տարածաշրջանի զարգացման մաս կազմել, դա թանկ կնստի Հայաստանի վրա, ինչը որևէ մեկի շահերից չի բխում», - ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի՝ ասել էր Ամերիկայի հատուկ հանձնարարություններով դեսպան Ջեյմս Քոլինզը Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։

Նույնն է կրկնել նաև ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը՝ 1997-ի սեպտեմբերին Վաշինգտոնում ընդունելով Հայաստանի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին։ Այս զրույցի բովանդակությունը ևս գաղտնազերծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Թալբոթը եզրափակեց հանդիպումը՝ ընդգծելով այն հետաքրքրությունը, որով նախագահ Քլինթոնը հետևում է Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ դա դիտարկելով որպես առավել մեծ ռազմավարական ու տնտեսական խճանկարի մի մաս։ Նախագահ Քլինթոնն ուզում է, որ Հայաստանը մասնակցի տարածաշրջանում սպասվող առաջընթացին, ցանկություն, որը կիսելով, Թալբոթն օրինակ էր բերել հսկա, բայց՝ կաթվածահար «Նաիրիտ» գործարանն ու պնդել՝ սա խոսուն կերպով ցույց է տալիս՝ ինչից է զրկվում Հայաստանը և ինչ կարող է ստանալ։ Բայց առանց խաղաղության ոչինչ տեղի չի ունենա»։

Զուգահեռ, ինչպես նույն գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, հայկական կողմը փորձում էր պահպանել ազդեցության լծակները կամ ձեռքին եղած խաղաքարտերը։ 1997-ի դիվանագիտական փաստաթղթերից մեկում, մասնավորապես, նկարագրվում է՝ ինչպես է Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը բանակցել, որ Վաշինգտոնն ուժի մեջ թողնի Ադրբեջանի դեմ սահմանափակումները, քանի դեռ կողմերը համաձայնության չեն հասել (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Արտաքին օգնության 907-րդ ենթաբաժինը պետք է մնա անփոփոխ։ Եթե դա հանվի, Բաքուն կկարծի, թե կարող է ստանալ իր ուզածն առանց բանակցությունների»։

Թալբոթն ի պատասխան ընդգծել էր՝ Ալիևն ամերիկյան հանդիպումների ընթացքում համաձայնել է բացել հաղորդակցության ուղիները։ Դա նախատեսված էր կարգավորման առաջին փուլում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնական ճշգրտման։

Ինչու էր դա պետք Մինսկի խմբի երկրներին

Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին զուգահեռ, և հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից հետո շարունակ կարծիք է հնչում, թե Մինսկի խմբի ոչ բոլոր երկրներն են, մեղմ ասած, ազնիվ ու անկեղծ եղել իրենց միջնորդական ջանքերում։ Պաշտոնական Երևանից անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Ղարաբաղի հարցն արտաքին ուժերի կողմից օգտագործվել է որպես Հայաստանի վզին գցած պարան։ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, սակայն, վկայում են, որ առնվազն 1990-ականների վերջին նախագահներ Քլինթոնը, Ելցինն ու Շիրակը եղել են միասնական և հաստատակամ՝ լուծելու խնդիրը։ Այդ հարցը 1997-ի մարտին առաջինը Նահանգների առաջնորդն է բարձրացրել Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, որի սղագրությունը ևս գաղտնազերծվել է Պետդեպարտամենտի կողմից (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Քլինթոնն ասաց՝ ես ուզում եմ ընդարձակել մեր համագործակցությունը արտաքին քաղաքականության հարցերում, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների շուրջ։ Մեկը Լեռնային Ղարաբաղն է։ Մենք հիմա ունենք ամերիկա-ֆրանսիա-ռուսական եռանախագահություն։ Բայց տես՝ ինչ է տեղում կատարվում։ Մեր շահերից է բխում լուծել Ղարաբաղյան հարցը, մենք դրանում մեծ շահագրգռվածություն ունենք, և ես պատրաստ եմ քեզ հետ աշխատել՝ մեռյալ կետից այս հարցը շարժելու համար»։

Ելցինն այդ ժամանակ ոչ միայն ողջունել էր Քլինթոնի հետաքրքրությունը, այլև հավաստիացրել՝ Ռուսաստանը չի խանդի։ Իսկ ամիսներ անց ինքը խնդրել, որ Քլինթոնն առավել ակտիվ լինի Ղարաբաղյան հարցում (փաստաթուղթը տե՛ս այստեղ).

«Համաձայն եմ», - արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահը, հավելելով. - «Մենք վերջապես տեղից շարժել ենք գործընթացը։ Դու, ես և Շիրակը պետք է համառ լինենք։ Լուծելով Ղարաբաղյան հարցն այսօր՝ մենք կազատենք ինքներս մեզ բազմաթիվ խնդիրներից, որ կարող են ծագել ապագայում»

Գերտերությունների առաջնորդների այս զրույցից ամիսներ անց Նահանգների փոխպետքարտուղար, Ղարաբաղյան խնդրով զբաղվող բարձրաստիճան դիվանագետ Սթրոբ Թալբոթը Ռուսաստանի փոխարտգործնախարարին խորհրդապահական հեռագիր է ուղարկում, ընդգծելով (փաստաթուղթը տե՛ս այստեղ)․

«Մեր ամենամեծ ուժը եղել է եռանախագահների սերտ համագործակցությունը։ Մեր միասնությունը համոզել է կողմերին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին, որ նրանք մեր շարքերում մանևրելու տեղ չունեն, և որ առաջարկները, որ մենք ներկայացրել ենք, լավագույնն են, որ միջազգային համայնքը կարող է առաջարկել»։

Ինչու չստացվեց

Ինտենսիվ այս բանակցությունների ֆոնին՝ 1997 թվականի նոյեմբերին, Հայաստանի առաջին նախագահը հրապարակեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, պարզաբանելով՝ հակամարտության չկարգավորման դեպքում Հայաստանն ու Ղարաբաղը տարիների ընթացքում անհամեմատ թուլանալու են։ «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ», - գրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը.

«Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով և 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։

Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը և հնարավորություններ պահպանելու հասնել մեր բաղձալի նպատակին։ Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն»։

Փաստացի, սա սեղանին դրված կարգավորման տարբերակի բանաձևումն էր՝ առանց բանակցությունների բովանդակությունը գաղտնազերծելու․ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը բազմազգ խաղաղապահներով ու երեք համամանախագահող երկրների հանձնառությամբ, ապահովել, որ Արցախն ունենա ինքնիշխանության լայնարձակ իրավունքներ՝ իր դրոշից ու զինանշանից մինչև սեփական բանակ ու կառավարություն։ Միաժամանակ, բաց պահել դուռը՝ ապագայում կարգավիճակի ճշգրտման համար:

Մինչև Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը, ըստ Պետդեպարտամենտի գաղտազերծած փաստաթղթերի, ուրախությամբ տեղեկացնում էր գործընկերներին, որ իրենց հաջողվել է համոզել ու ստանալ նաև Հեյդար Ալիևի համաձայնությունը այս տարբերակին, Երևանում քննադատությունը ընդդիմության շարքերից տարածվում էր մինչև իշխանության վերին էշելոններ։ 1998 թվականի հունվարին, երբ հարցը բերվել է Անվտանգության խորհուրդ, դրան դեմ են դուրս եկել այդ օրերին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի խորհրդարանի ու կառավարության ղեկավարները։ Վազգեն Սարգսյանը, օրինակ, պնդել էր, թե Հայաստանի մեկուսացման մասին պնդումները սին են, կարիքի դեպքում Ռուսաստանն ու Իրանը կօգնեն, Ռոբերտ Քոչարյանն էլ, թե՝ երկիրն ու տնտեսությունը հնարավոր է զարգացնել նաև շրջափակման պայմաններում։

«Այսօր մենք, թերևս, Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եվ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին», - զգուշացրել էր Տեր-Պետրոսյանը։

Արդյոք դա իսկապե՞ս վերջին պատեհությունն էր, կամ՝ կարգավորման ի՞նչ տարբերակներ են քննարկվել Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելուց հետո՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի օրոք։ Հայաստանի գործող իշխանությունն այս պահին այդ փաստաթղթերի գույքագրմամբ է դեռ զբաղված և առաջիկայում էլ պետք է քննարկի՝ «նպատակահարմար է արդյոք դրանց գաղտնազերծումը՝ Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից»։

Պետդեպարտամենտը, մինչդեռ, իր արխիվի փաստաթղթերն ու դիվանագիտական հեռագրերը պարբերաբար է գաղտնազերծում՝ ըստ Տեղեկատվության ազատության մասին օրենքի, որով Միացյալ Նահանգների քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ՝ իրենց հարկերով աշխատող պաշտոնյաներն ինչի շուրջ են բանակցել դռնփակ հանդիպումների ժամանակ և ինչպես են պաշտպանել ու առաջ տարել Միացյալ Նահանգների շահերը։

P.S. Պետդեպի կողմից մինչ օրս գաղտնազերծված՝ ընդհանուր առմամբ ավելի քան կես միլիոն փաստաթղթերի ու հեռագրերի մեջ մանրամասներ կան նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք քննարկված «տարածքների փոխանակման՝ Մեղրիի տարբերակի» մասին, որոնք «Ազատություն»-ը կներկայացնի հաջորդիվ։

Նույն տրամաբանությամբ առաջիկայում` մեկ օր, Պետդեպի արխիվում թերևս կհայտնվեն նաև փաստաթղթեր դրանից հետո՝ մինչև 44 -օրյա պատերազմն ու Արցախի անկումը տեղի ունեցած բանակցությունների մասին։

XS
SM
MD
LG