Եվրամիությունն ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին:
Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է՝ «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»: Բրյուսելն այս գործողությունների մեջ թվարկել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբեռսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավարումը:
«Խիստ հավանական է, որ այդ սպառնալիքները կսրվեն 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին»,-նշված է «Ազատության» տրամադրության տակ հայտնված և Եվրոպայի խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթում:
Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Փաստաթղթում կարդում ենք, որ խումբը կօգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»: Համագործակցելու են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ներքին գործերի նախարարության, ՊԵԿ-ի հետ:
Ինչով կարող են եվրոպացիները օգնել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին խնդրեցինք օրինակներով բացատրել՝ ի՞նչ սպառնալիքներ են կախված նախընտրական Հայաստանի գլխին և ինչո՞վ են եվրոպացիներն օգնելու՝ օրինակ իր ղեկավարած կառույցին դրանք չեզոքացնել:
«Մեր կարիքները վերաբերում են կիբեռանվտանգությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, ընտրությունների ժամանակ համացանցում քարոզչության, ֆինանսավորման վերահսկողության գործիքներին»,- ասում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հայաստանին, ըստ Վահագն Հովակիմյանի, անհրաժեշտ է միջազգային փորձը, որպեսզի կարողանան համացանցում կուսակցությունների օգտին վճարովի գովազդներ տեղադրողներին բացահայտել, պարզել, թե կեղծ լուրերի տարածումներն ինչ հետագիծ ունեն և այլն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ենթադրո՞ւմ է, որ նման խնդիրներ կառաջանան, թե՞ ընտրական գործընթացը կազմակերպելու իրենց փորձն է դա հուշում:
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ այդ երևույթները փոքր ծավալների են։ Ավելին, հենց ՏԻՄ ընտրությունների շրջանում մենք նաև մեր համար գույքագրել ենք խնդիրները՝ նույն սոցիալական հարթակներով վճարովի գովազդի տարածման հետ կապված»,- շեշտում է ԿԸՀ նախագահը։
Վահագն Հովակիմյանը ենթադրում է, որ համապետական ընտրությունների նախաշեմին շեշտակի կավելանան համացանցում քարոզչական գովազդներրը, ապատեղեկատվությունը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվեց ասել՝ իր նկարագրած գործընթացն այլ երկրի՞ց է ուղղորդվում և ֆինանսավորվում:
Հովակիմյանի խոսքով.- «Մեզ համար ռիսկը ռիսկ է, և մենք այդ ռիսկերը պետք է չեզոքացնենք։ Ուղղորդվում է դրսից, ներսից, չգիտեմ, այդ հարցը մեզ մի տվեք»։
Ի տարբերություն հայ պաշտոնյաների, եվրոպացիները ուղիղ են հայտարարում՝ Հայաստանին աջակցում են, որ պայքար մղվի ռուսական միջամտության դեմ: Այսօր դարձյալ այս մասին խոսել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: Կայա Կալլասի կարծիքով՝ այդ սպառնալիքների պատճառը Հայաստան-Եվրամիություն մերձեցումն է:
«Որքան երկիրը մերձենում է Եվրոպական միությանը, այնքան ավելի հավանական է, որ այն կդառնա արտաքին միջամտության թիրախ: Մենք դա տեսանք Վրաստանում և ձախողեցինք պայքարը: Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում ավելի քան 10 տարի: Եվ մենք դա տեսանք Մոլդովայում անցյալ տարի, որտեղ Մոլդովայի իշխանությունների հետ աշխատելով՝ մենք հաղթեցինք: Ռուսական ֆինանսական աջակցությունը պրո-ռուսական ձայներին կազմում էր Մոլդովայի ՀՆԱ-ի մոտ 2-3%-ը, 200-300 միլիոն եվրո: Բայց Ռուսաստանի միջամտությունը չաշխատեց, որովհետև մենք միասին պայքարեցինք»,- հայտարարում է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նա նաև շեշտել է, թե Մոլդովայում ընտրություններին ընդառաջ իշխանությունները շատ ակտիվ են եղել, խստացրել են ընտրակաշառքի պատիժը, աշխատել են հետախուզական ծառայությունների հետ՝ բացահայտելու միջամտությունը: Իսկ այդ ամենում, ըստ եվրոպացի դիվանագետի, Եվրամիության փորձագիտական խումբը էական դերակատություն է ունեցել:
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարում է. «Մոլդովայում իրենց ձախողված փորձից հետո, Ռուսաստանը սկսել է թիրախավորել Հայաստանը՝ սպասվող ընտրություններին ընդառաջ՝ կիրառելով նույն մեթոդները: Միայն թե այս անգամ նրանք շատ ավելի վաղ են սկսել՝ մեկ տարի առաջ: Մենք դա տեսնում ենք նաև Մոնտենեգրոյում, որը ձգտում է միանալ Եվրամիությանը 2028-ին: Իսկ ի՞նչ կարող են անել երկրները... կարող են հետաքննել, քրեականացնել և քրեական հետապնդման ենթարկել օտարերկյա միջամտության տարրերը, դա կարող է լինել քվեներ գնելը, ինֆորմացիոն մանիպուլյացիան և դա ներկայացնել իր քաղաքացիներին: Եվրամիությունը միշտ կաջակցի իր ընկերներին այս պայքարում: Օրինակ, Հայաստանի խնդրանքով՝ մենք հիբրիդային արագ արձագանքման թիմեր կտեղակայենք ապրիլին՝ հունիսյան ընտրություններից առաջ»։
Բրյուսելից հնչող այս հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած ամիս ուղիղ էր Մոսկվայի դժգոհությունը փոխանցել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին. Սերգեյ Լավրովը ռուսական հիբրիդային հարձակումների մասին պնդումները համարել էր «առնվազն տարօրինակ և առասպելական»:
Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայությունն անցած շաբաթ հայտարարեց, թե տվյալներ ունի, որ այլ երկրում, հատուկ ծառայությունների անունից ինչ-որ անձինք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ֆինանսական և կազմակերպչական հարցերով աջակցեն որոշ քաղաքական ուժերի: Ո՛չ այս մարմինը, ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր չեն բացում՝ որ երկրում են ճնշում Հայաստանի քաղաքացիներին: Այս ահազանգից հետո իրավապահները քրեական գործ են հարուցել, կա՞ն մեղադրյալներ, տուժածներ, առհասարակ ի՞նչ նորություն կա այս գործից, Քննչական կոմիտեից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ ոչ մի նորություն չկա, լինի՝ կասեն:
Հիբրիդային պատերազմի մասին իշխանության պնդումները հայաստանյան ընդդիմությունը համարում է կեղծ օրակարգ, իսկ Եվրամիության աջակցությունը՝ միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին: Այս գնահատականին կտրուկ են ընդդիմանում ՔՊ-ականները.
«Մոտավորապես էսպես է իրավիճակը՝ եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծելու, դուք ոստիկանություն եք դիմում, ասում եք՝ այս մարդը ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի, այդ դեպքում՝ եթե դուք դա համարում եք, որ դա ձեր ներքին, ընտանեկան կյանքի միջամտություն է, միգուցե»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ազատության» տրամադրության տակ եղած փաստաթղթից պարզ է դառնում, որ Հայաստանը Եվրամիությանը դիմել է անցած նոյեմբերին, հունվարին Եվրամիությունից գնահատման խումբ է ժամանել Հայաստան, և այդ այցը «պատկերավոր պատկերացումներ է տվել հիբրիդային սպառնալիքների նկատմամբ երկրի խոցելիության վերաբերյալ»: Փաստաթղթում կոնկրետ օրինակներ նշված չեն: