Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին՝ Եվրոպական միության երկրները ցանկանում են պատրաստ լինել հնարավոր միգրացիոն ճգնաժամի։
«Մենք չենք թույլ տա, որ կրկնվի 2015 թվականը»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո՝ ընդգծելով, որ առայժմ չեն տեսնում միգրացիոն հոսքեր դեպի Եվրոպա, բայց պետք է պատրաստ լինեն։
Միգրացիայի թեման Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ավելի մեծ դեր է ունեցել, քան նախատեսվում էր, այն բանից հետո, երբ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ են արել ԵՄ-ին պատրաստվել միգրացիայի հնարավոր աճին՝ Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի պատճառով։
2010-ականների կեսերին միլիոնավոր մարդիկ փախստական դարձան և տեղափոխվեցին Եվրոպա հատկապես Սիրիայից, որտեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Միայն 2015 թվականին ԵՄ-ում ապաստան հայցեց ավելի քան 1 միլիոն մարդ։
ԵՄ առաջնորդները երեկ գագաթնաժողովի ավարտին հրապարակած համատեղ հայտարարությունում նշել են, որ «ԵՄ-ն պատրաստ է ամբողջությամբ մոբիլիզացնել իր դիվանագիտական, իրավական, օպերատիվ և ֆինանսական գործիքները՝ կանխելու դեպի ԵՄ չվերահսկվող միգրացիոն հոսքերը և պահպանելու Եվրոպայի անվտանգությունը»։