Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ

Լրացված

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման 4-րդ տարելիցից մեկ օր առաջ ԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը դաշինքում արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկվում է: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի փոխանցմամբ՝ Հունգարիայի կոշտ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բուդապեշտը գոնե այսօր չի փոխի իր դիրքորոշումը։

«Մենք ճանապարհներ ենք փնտրում, թե ինչպես անենք դա: Բայց լսել ենք Հունգարիայի խիստ հայտարարությունը, ու կարծես թե այսօր, դժբախտաբար, նրանք չեն փոխի իրենց դիրքորոշումը», - ասել է Կալլասը:

Բուդապեշտը մտադիր է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի տարանցման դադարեցման պատճառով:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նախօրեին էր X-ում գրել, որ մինչև Ուկրաինան չվերականգնի «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա, թույլ չեն տա Կիևի համար կարևոր որոշումների առաջխաղացումը։

Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը կարող էր ներառել Ռուսաստանի նավթի արտահանման վրա ամբողջական ծովային ծառայությունների արգելք։ Սիյարտոն նաև հայտարարել է, որ Բուդապեշտն արգելափակելու է Ուկրաինային Եվրամիության կողմից հատկացվող վարկերի 90 միլիոն եվրոյի փաթեթը: Այդուհանդերձ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Յոհան Վադեֆուլը հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհորդորեն Հունգարիային վերանայել որոշումը։

«Ես զարմացած եմ Հունգարիայի դիրքորոշման վրա։ Մենք այս հարցը կքննարկենք մեր հունգարացի գործընկերների հետ։ Չեմ կարծում, որ ճիշտ է, երբ Հունգարիան դավաճանում է ազատության և եվրոպական ինքնիշխանության համար իր սեփական պայքարին», - նշել է Յոհան Վադեֆուլը։

Պուտինը ցանկանում է շարունակել պատերազմը. Զելենսկի

Ու մինչ Բրյուսելում չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում զգուշացրել էր, որ Պուտինը ցանկանում է շարունակել պատերազմը։

«Նա արդեն իսկ սկսել է 3-րդ համաշխարհային պատերազմը և Ուկրաինան հիմա կանխում է այդ պատերազմի ընդարձակումը։ Հարցն այն է, թե որքան տարածք նա դեռ կցանկանա գրավել և ինչպես է պետք կանգնեցնել նրան», - ընդգծել է Զելենսկին։

Զելենսկին կրկնել է, որ Ուկրաինան չի համաձայնի տարածքային զիջումների հրադադարի դիմաց՝ պնդելով, որ դա պարզապես հող չէ, դա նշանակում է հանձնվել, դիրքերի թուլացում, դա նաև նշանակում է լքել այնտեղ ապրող հարյուր հազարավոր մարդկանց:

Ուկրաինայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Պուտինին հիմա դադար է պետք՝ առավելագույնը մի քանի տարում ուժերը վերականգնելու համար։ Իսկ հետո ո՞ւր կգնա Պուտինը, Ուկրաինայի նախագահը ինքն է այս հռետորական հարցն ուղղում BBC-ի լրագրողին: Միակ արձագանքն, ըստ նրա, ուժեղ ռազմական և տնտեսական ճնշումն է Պուտինի վրա։

Տեղական լրատվամիջոցի հետ զրույցում էլ Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինան ցանկանում է արևմտյան զորքերի տեղակայում առաջնագծում կամ դրա մոտակայքում, սակայն եվրոպացիները դրան չեն համաձայնում. «Առաջին գծում ոչ ոք չի ցանկանում կանգնել։ Ուկրաինացիները կցանկանային, որ գործընկերները մեզ հետ կանգնեին առաջին գծում։ Օրինակ՝ լեհերը չեն հաստատել իրենց պատրաստակամությունը»:

Նա նաև առաջարկել է Բալթյան երկրներին զորքեր տեղակայել Բելառուսի հետ սահմանին, քանի որ այն սպառնալիք է նաև հենց իրենց համար։ Սակայն այստեղ էլ համաձայնություն չկա։ Առայժմ միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են հայտարարել, որ պատրաստ են տրամադրել մեկական բրիգադ։ Սակայն Զելենսկին չի հստակեցրել, թե որտեղ դրանք կտեղակայվեն։

Մոսկվան կտրականապես դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ցանկացած ներկայության և հրաժարվում է այդ կետը համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի շրջանակում։ 4 տարի ձգվող պատերազմը ուկրաինացիների համար ողջախոհության համար տարվող պայքարի է նաև վերածվել։

54-ամյա հաշվապահ Նատալիա Ռիխլևսկայան է հույս հայտնում, որ, ի վերջո, տառապանքը հաղթանակի կվերածվի. «Մենք բոլորս հոգնել ենք, տղաները հոգնել են, նախագահը հոգնել է։ Նա բառացիորեն կտոր-կտոր է լինում՝ փորձելով լուծել բոլոր հարցերը։ Բայց տեսնում եք, որ եվրոպական երկրները մեզ լիովին չեն աջակցում, և մեզ համար շատ դժվար է։ Այնուամենայնիվ, մենք աջակցում ենք նրան։ Դիմանում ենք ամեն ինչի՝ հոսանքազրկումներին և այն ամենին, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Մենք ուժեղ ենք և կհաղթենք»։

Բանակցությունների հերթական փուլը կարող է անցկացվել շաբաթվա վերջում

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցությունների հերթական փուլը կարող է անցկացվել շաբաթվա վերջում։ Զելենսկիի աշխատակազմի ղեկավարն է այս մասին հայտնել՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր է ռազմագերիների հերթական փոխանակում։

Այլ մարնրամասներ Կիևը չի հաղորդում՝ ակնարկելով միայն, որ այդ թիվը կարող է ավելի մեծ լինել քան նախորդ փոխանակումը։ Ռուսաստանը և Ուկրաինան փետրվարի սկզբին էին 314 բանտարկյալների փոխանակել։

Իսկ այս ընթացքում ռումբերը մարտադաշտում և խաղաղ բնակավայրերում շարունակում են պայթել։ Այս գիշեր Օդեսայի շրջանում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են: Օդեսայի մարզի պետական արտակարգ ծառայության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարները մարում վնասված մեքենայում բռնկված հրդեհը։






XS
SM
MD
LG