ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում ասված է. «Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին»:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ երկրներն աջակցություն են հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։
Այսօր ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է՝ 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։
«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կալլասը: