Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն այսօր հեռավար հանդիպում են անցկացրել՝ քննարկելու, թե ինչպես ազդել ԱՄՆ դիրքորոշման վրա Ուկրաինայի հարցով Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ ուրբաթ նախատեսված բանակցություններից առաջ: Հանդիպումից դեռ մանրամասներ չեն հաղորդվում:
Մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային անբարենպաստ պայմաններ թելադրել, այդ թվում՝ տարածքային զիջումներ, եվրոպացի առաջնորդները, ըստ Bloomberg-ի, ցանկանում են հանդիպումից առաջ նաև բանակցել Թրամփի հետ՝ ապահովելու, որ Եվրոպան և Ուկրաինան նույնպես մասնակցեն իրենց ապագային վերաբերող հարցերի քննարկմանը:
Տեսակապով հանդիպումից առաջ, որին մասնակցել է նաև Ուկրաինայի արտգործախարարը, Լեհաստանի վարչապետը հայտնել է, որ ԱՄՆ-ը խոստացել է նախքան Պուտին-Թրամփ բանակցությունները խորհրդակցել եվրոպացի գործընկերների հետ: Դոնալդ Տուսկը պնդել է՝ Կիևը պետք է մասնակցի իրեն վերաբերող ցանկացած քննարկման, ապա հավելել՝ կսպասի Ալյասկայի հանդիպմանը, որի հետ կապված վախի և հույսի զգացողություններ ունի:
«Մեզ համար Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը ոչ միայն մեր հարևանի հետ համերաշխության, այլև, նախ՝ մեր անվտանգության հարցն է։ Հետևաբար, բոլորի պես ես էլ կսպասեմ նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպման արդյունքներին», - հայտարարել է Լեհաստանի վարչապետը:
Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ վարչապետն աջակցում է Թրամփի ջանքերին, սակայն Ուկրաինան պետք է մասնակցի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ցանկացած քննարկման: Նա նշել է, որ ցանկացած խաղաղություն պետք է կառուցվի Ուկրաինայի հետ, այլ ոչ թե պարտադրվի նրան, և իրենք չենք խրախուսի ագրեսիան, ոչ էլ կզիջեն Կիևի ինքնիշխանությունը։ «Ուկրաինան ինքը կորոշի իր ապագան, և մենք կաջակցենք նրան ամեն քայլափոխի», - վստահեցրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիրը, հավանաբար, չի բավարարի կողմերից ոչ մեկին՝ Մոսկվան ու Կիևը «դժգոհ կմնան»: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն, այդուհանդերձ, կփորձի լուծում գտնել, որի շնորհիվ կողմերը կկարողանան ապրել համեմատական խաղաղության մեջ:
«Դա ոչ մեկին չափազանց երջանիկ չի դարձնի։ Ե՛վ ռուսները, և՛ ուկրաինացիները, հավանաբար, ի վերջո, դժգոհ կմնան դրանից, բայց չեմ կարծում, որ կարելի է իրականում նստել և այս բանակցությունները վարել առանց Դոնալդ Թրամփի առաջնորդության», - ասել է Ջեյ Դի Վենսը:
Չնայած Ուկրաինայի նախագահը հրավիրված չէ Ալյասկայի հանդիպմանը՝ Վենսը հայտնել է, որ ԱՄՆ-ն աշխատում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որը, ըստ նրա, արդյունավետ կլինի միայն Թրամփ-Պուտին հանդիպումից հետո:
ԱՄՆ նախագահն անցած շաբաթ հայտարարել էր, որ հակամարտության ցանկացած լուծում կարող է ենթադրել «տարածքների փոխանակում»: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը, սակայն, հայտարարել է, որ ռուսական զորքի գրաված բոլոր տարածքները միջազգային իրավունքով պատկանում են Ուկրաինային։ Կայա Կալլասը նաև ընդգծել է՝ Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ցանկացած գործարքի:
«ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին ստիպել լուրջ բանակցություններ վարել։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Ուկրաինան և ԵՄ-ն, քանի որ սա Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի անվտանգության հարցն է», - ասել է Կալլասը:
Գերմանիայի կանցլերն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրոպան չի կարող և չպետք է լինի պարզապես դիտորդ, երբ խոսքը վերաբերում է իր ապագայի համար այսքան կարևոր հարցին։ Անընդունելի են տարածքներին վերաբերող հարցերում որոշումները, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կընդունեն առանց Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցության, ասել է Ֆրիդրիխ Մերցը:
«Ամեն դեպքում, մենք չենք կարող ընդունել, որ Ռուսաստանի և Ամերիկայի միջև տարածքային հարցերը քննարկվեն կամ նույնիսկ որոշվեն առանց եվրոպացիների և ուկրաինացիների մասնակցության։ Ենթադրում եմ, որ ամերիկյան կառավարությունը նույնպես այդպես է մտածում», - հայտարարել է կանցլերը:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի զիջումները Ռուսաստանին չեն համոզի դադարեցնել պատերազմը, և անհրաժեշտ է ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը։ «Ռուսաստանը հրաժարվում է դադարեցնել սպանությունները, ուստի չպետք է որևէ պարգև կամ օգուտ ստանա: Սա միայն բարոյական դիրքորոշում չէ, այլև՝ ռացիոնալ: Զիջումները չեն համոզում մարդասպանին», - սոցցանցում գրել է Վլադիմիր Զելենսկին:
ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, վերլուծելով Մոսկվայից հնչող հայտարարությունները, եզրահանգել է, որ Կրեմլը կփորձի Ալյասկայում կայանալիք հանդիպումն օգտագործել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև սեպ խրելու, այլ ոչ թե Ուկրաինայում խաղաղություն հաստատելու նպատակով իմաստալից ջանքեր գործադրելու համար։
Իսկ այս ընթացում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածել միմյանց: Զապորոժիեում ռուսական զինուժը ավիառումբով հարվածել է ավտոկայարանի, կա 20 վիրավոր: Հարվածել են նաև Դնեպրոպետրովսկին, կա հինգ տուժած: Խերսոնում վերջին 24 ժամում սպանվել է չորս մարդ, վիրավորվել՝ յոթը: Ռուսական կողմը հայտարարել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում:
Ուկրաինական զինուժն էլ հարվածել է Նիժնի Նովգորոդում գտնվող արդունաբերական օբյեկտների: Արզամասի գործարանին հարվածից սպանվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ, ևս երկուսը սպանվել են Տուլայում: Պայթյուններ են լսվել նաև Մերձմոսկվայում, Սարատովում հարվածել են նավթի բազայի: