Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ 51 պատգամավոր զգուշացնում է Վրաստանին «ավտորիտար հետընթացի» կապակցությամբ


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 51 պատգամավորներ հատուկ հայտարարություն են ընդունել Վրաստանում «ավտորիտար հետընթացի» կապակցությամբ։

ԵԽԽՎ ավելի քան երկու տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներն զգուշացնում են՝ եթե Վրաստանի իշխանությունները չհրաժարվեն որդեգրած քաղաքականությունից, կվերանայվեն կառույցում վրացական պատվիրակության լիազորությունները, և կոչ կանեն Վեհաժողովին և Նախարարների խորհրդին սկսել Վրաստանին հեռացնելու ընթացակարգը՝ «Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքների լուրջ խախտումների համար, ինչպես նշված է Կանոնադրության 3-րդ հոդվածում»:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են այս տարվա հունվարին ընդունված հատուկ բանաձևի մասին, որը վավերացրեց վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով, որ Վրաստանը համապատասխանի ժողովրդավարական չափանիշներին մինչև 2025 թվականի ապրիլը: Կառույցը մասնավորապես պահանջել էր ազատ արձակել հակակառավարական ցույցերի մասնակիցներին և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Իրավիճակը կտրուկ վատթարացել է։ Բանտարկվել են ընդդիմության առաջնորդները։ Քաղհասարակության ակտիվիստներն ու լրագրողները բախվում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումների։ Սրանք այլևս առանձին դեպքեր չեն, այլ համակարգված արշավ՝ ուղղված ժողովրդավարական ընդդիմությանը վերացնելուն, խոսքի ազատությունը սահմանափակելուն և քաղաքացիական հասարակությունը ճնշելուն», - ասված է փաստաթղթում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG