Մատչելիության հղումներ

Եկեղեցու բարենորոգման օրակարգը հասել է նաև ՊՆ խորհրդակցությունների դահլիճ. ինչ են պատմում գնդերեցները

Գնդերեցները Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Գնդերեցները Երևանի Հանրապետության հրապարակում զորահանդեսի ժամանակ, արխիվ

Եկեղեցու բարենորոգման օրակարգը հասել է նաև Պաշտպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ: Նախկին գնդերեց Տեր Պսակ քահանան պատմում է՝ սարկավագ-գնդերեցներին են հրավիրել՝ ասել են, թե թեման բանակում ինքնասպանությունների, արատավոր դրսևորումների կանխարգելումն է, բայց խոսել են այլ բանից.

«Տարբեր հարցերի միջոցով փորձել են ճշտել գնդերեցների մոտեցումն այդ բարենորոգում կոչված շարժմանը, հետո առանձին փոխնախարար Արման Սարգսյանն է հանդիպել գնդերեցների հետ, արդեն ուղիղ հարց տվել՝ միանո՞ւմ եք, թե չէ»,- պատմում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը:

Այդ խորհրդակցությանը մասնակցած գնդերեցներից Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատմել էր, թե հանդիպմանը պաշտպանության նախարարից, փոխնախարարից բացի Գլխավոր շտաբի ու Բարոյահոգեբանական ծառայության պետերն էլ են մասնակցել.

«Այդ հանդիպման ընթացքում մեզ ուղղվել է ուղիղ և հստակ հարց. ինչ վերաբերմունք ունենք այսպես կոչված «բարենորոգում» անվամբ տխրահռչակ շարժման նկատմամբ։ Այնուհետև, պաշտպանության նախարարի տեղակալի կողմից հնչեց ևս մեկ առավել հստակ հարցադրում. միանո՞ւմ ենք այդ շարժմանը, թե՝ ոչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գնդերեց Արթուր Գևորգյանը:

Ըստ Գևորգյանի՝ պաշտպանության նախարարության պաշտոնյաները հիշել են նաև իրենց ցածր աշխատավարձի մասին, Գևորգյանը գրել է. «կարծելով, թե մեզ կարող են գնել»: Նիկոլ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների նախաձեռնած եկեղեցու բարեփոխման, կաթողիկոսի հրաժարականի պահանջին միանալու վերջին փորձը այս գնդերեցի հետ Շիրակի կայազորի պետն է արել. «Շուրջ երկու ժամ փորձել է համոզել, որպեսզի միանամ այդ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում»,- գրել է Գևորգյանը:

Այսպես բոլորի հետ՝ հանդիպումներ, հորդորներ, հոգեբանական ճնշումներ, -ասում է տեր Պսակ քահանան և շարունակում. «Մենք ունեցել ենք նաև քահանա, որի հետ անմիջապես խոսել է բանակային կորպուսի հրամանատարը: Եղել են սարկավագներ, որ իրենց հետ խոսել են բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, մենք հոգևորական ունենք, որ իր հետ նույնիսկ երկու անգամ են հանդիպել»:

Պաշտպանության նախարարը կտրուկ է հերքում, թե ֆինանսապես փորձում են շահագրգռել գնդերեցներին, որ նրանք միանան բարեփոխիչներին. «Սուտ է, նման բան չկա, ինչ արված է՝ հրապարակային է», - ավելի վաղ լրագրողների հետ զրույցում պնդել է նախարարը:

Սուրեն Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից դադարեցվեց եկեղեցու կողմից Զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների գործունեությունը: Նույն հրամանով նախատեսվեց, որ բանակում հոգևոր ծառայողներ լինեն, բայց ոչ թե Մայր Աթոռի, այլ Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ: Որն է այս հրամանի իմաստը, Պաշտպանության նախարարը շեշտեց.- « Զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն»:

Նախկին գնդերեց Տեր Պսակ քահանայի կարծիքով՝ պատճառը ոչ թե սա է, այլ որ զրույցները գնդերեցների հետ արդյունք չեն տվել. «Ամենավատ երազում էլ այդ սցենարը քննարկելի չէր մեզ համար, մենք չէինք միանա», - ասում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը:

Վերջին օրերին քահանաներն ահազանգում էին՝ գնդերեցներին փորձում են գրավել 700 հազար դրամ աշխատավարձով: Այդքան չէ,- պաշտպանության նախարարը թիվ, այնուամենայնիվ, չի հրապարակում. «Բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածներից», - ընդգծել է Պապիկյանը:

Տարբերվող աշխատավարձ արդեն չեն ստանա Էջմիածնից նշանակված 30 գնդերեցները, որ այս հրամանից հետո զորամասերից դուրս են հրավիրվել: Միայն 4-ը՝ 2 քահանա ու 2 սարկավագ են միացել բարենորոգման օրակարգին ու մնացել զորամասերում: Կան նաև 12 գնդերեցներ, որ ժամկետայիններ են ու ոչ մի տեղ հեռանալ չեն կարող:

Տեր Պսակ քահանան 20 տարի գնդերեց էր տարբեր զորամասերում, վերջինը Կանազի հոսպիտալի եկեղեցում. «Այնտեղ փոքրիկ եկեղեցի է՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին, որտեղ ամեն ուրբաթ մենք պատարագներ էինք մատուցում, որին մասնակից էին լինում և՛ բուժում ստացող զինվորները, և՛ բուժանձնակազմը»,- ասում է քահանան:

Երկու օր առաջ զորամասերից Մայր Աթոռ վերադարձած քահանաներին Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց, նրանք արդեն հոգևոր ծառայության նոր հասցեներ ունեն: Տեր Պսակ քահանան Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում է: Այստեղ պատարագների օրերին եկեղեցու սրահը միշտ լի էր զինվորներով, չգիտի՝ հրահանգ կա, թե ոչ, բայց նրանց երկու կիրակի է՝ չի տեսնում: Իրեն էլ տարածքի զորամասեր արգելում են մտնել:

XS
SM
MD
LG