Մատչելիության հղումներ

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետից 24 օր առաջ համակարգը պարզեցնում են


Աշխատող քաղաքացիների եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետից 24 օր առաջ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքայն էջով հայտարարում է՝ համակարգը պարզեցնում են։

«Շատ կարևոր փոփոխություն ենք պատրաստվում անել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգում: Եթե քաղաքացին գտնում է, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն՝ աշխատավարձեր, նման այլ որևէ եկամուտ չունի և փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է պարզապես մուտք չգործել այդ համակարգ և վերջնաժամկետից հետո՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքն անգամ համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը Պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Գործող օրենքով քաղաքացիների վրա հստակ ժամկետ է դրված. մինչև նոյեմբերի 1-ը էլեկտրոնային ստորագրությամբ մտնել եկամուտների հայտարարագրման համակարգ և լրացնել հայտարարագիրը։ Սա չանելու դեպքում քաղաքացին կտուգանվի:

Հիմա, Թունյանի խոսքով՝ եթե հավելյալ եկամտի մասին պետությանը հայտնելու բան չկա, ապա մուտքի կարիք էլ չկա։ Իսկ եթե կա ու թաքցնելու փորձ է արվում, ապա այս դեպքում պատասխանատվությունից խուսափել չի ստացվի. «Որոշակի պատասխանատվություն կա, որը պահպանվելու է», - ասաց Թունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին հայտարարում էր, որ այս քայլով ոչ միայն կոռուպցիայի ու ստվերի դեմ են պայքարում, այլև ցանկանում են քաղաքացիների սոցիալական վիճակի մասին տեղեկացված լինել։ Այս հայտարարությունից հետո, սակայն, գործադիրը ստիպված եղավ մայիսի 1-ին սահմանված վերջնաժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 1-ը։

Մեկ ամիս առաջ էլ ՊԵԿ նախագահը ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ ընդամենը 92 հազար քաղաքացի է հայտարարագիր ներայացրել. դա ակնկալվող քանակի 15 տոկոսն է։ Ընդ որում, այս թվի մեջ մտնում են նաև նախկինում հայտարարագիր ներկայացրածները, այսինքն՝ ոչ միայն այս տարի համակարգին միացածները։

Համակարգի ձախողո՞ւմն է հետքայլի պատճառը։ Կարճ տեսանյութում իշխանական պատգամավորն այս մասին չի խոսում, Հանրային հեռուստաընկերության եթերում, սակայն, մի ակնարկ է արել. «Որովհետև անհնար է ունենալ այդպիսի գլոբալ փոփոխություններ և ի սկզբանե ոնց նախատեսել ես, այդպես էլ գնա, որևէ բան չփոխես», - նշել էր Թունյանը:

«Նույնականացման քարտի համար հերթագրվածների հերթը հասնելու է 2026-ի կես»

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացի նախագահ Էլեն Մանասերյանը հենց սկզբից ահազանգում էր՝ համակարգը պատրաստ չէ, դրա վառ ապացույցը մեկ տարվա ընթացքում օրենքում մի քանի փոփոխություններն են ու արհմիության դիմած քաղաքացիների բազմաթիվ բողոքները։ «Այսօր էլ ունենք մարդիկ, ովքեր նույնականացման քարտ ստանալու համար հերթագրված են և իրենց հերթը հասնելու է 2026 թվականի կեսերին մինչև: Հատկապես Երևան քաղաքում անհնար է արագ ստանալ նույնականացման քարտ, իհարկե, հնարավոր է լրացուցիչ վճարի դիմաց, բայց ոչ ոք դրա պարտավորությունը չունի, ավելին՝ հնարավորություն էլ չունի», - ընդգծում է Մանասերյանը:

Հաջորդ տարվանից հայտարարագիր ներկայացնելու հերթը թոշակառուներինն է: Մանասարյանն այստեղ էլ լուրջ բացթողումներ է տեսնում. միֆ չէ, այլ իրականություն՝ տարեցների մի մասը սմարթֆոններ չունի, եթե ունի էլ կիրառում է սահմանափակ նպատակներով, մի զգալի մասն էլ՝ առհասարակ թվային գիտելիք չունի. «Այստեղ էլ՝ մեր աշխատակազմում էլ կան մարդիկ, ովքեր չունան այդ հեռախոսներից ու չունեն այդ գիտելիքն ու հմտությունները, այդ դեպքում՝ իրենք այն մարդկանց շարքում են, ովքեր չեն անելու դա»:

Կառավարության հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ հայտարագրելու դեպքում մարդիկ սոցիալական կրեդիտներ կստանան՝ կրթության և առողջապահության համար արված ծախսերի մինչև 100 հազար դրամով փոխհատուցում: Օրենսդրական փոփոխության դեպքում այս առաջարկը կշարունակի գործել։

Նոյեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել, օրենքում փոփոխություններ անելու համար առաջիկա օրերին արտահերթ նիստ պետք է հրավիրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG