Մատչելիության հղումներ

Թևանյան. Էջմիածնում քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակցին, հետո ձերբակալել


«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյան, արխիվ
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյան, արխիվ

Մի խումբ քաղաքացիական անձինք առևանգել են «Մայր Հայաստան» կուսակցության աջակից բլոգեր Օնո Հարությունյանին, «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Ըստ նրա՝ իրենց աջակցին տարել են Էջմիածնից, «Մայր Հայաստան»-ի շտաբի մոտից:

«Շտաբի դիմաց մայթին կանգնած է եղել, ընկերուհու հետ է եղել, նրա աչքի առաջ գցել են գետնին ու տարել: Քաղաքացիական հագուստով անձինք գետնին տապալելով տարել են: Ֆիզիկական ուժ կիրառելով՝ կարելի է ասել մեքենայի մեջ են շպրտել: Մեզ ասել են, որ ոստիկանության բաժին են տարել», - մանրամասնեց Անդրանիկ Թևանյանը:

Ոստիկանությունից հաստատեցին, որ բաժին են տարել վարչապետ Փաշինյանին քննադատող բլոգերին: Ասացին՝ խուլիգանության կասկածանքով մեկ հոգու ձերբակալել են: Կոնկրետ ի՞նչ է արել և ինչո՞ւ են քաղաքացիական հագուստով եղել, Ոստիկանության լրատվականից ասացին՝ այլ մանրամասներ չեն հայտնում:

«Մայր Հայաստան»-ը մասնակցում է Վաղարշապատի ընտրություններին, կոշտ քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որ նույնպես պայքարում են համայնքապետի պաշտոնի համար:

Կուսակցության առաջնորդը պնդում է՝ թիմակցին առևանգել են քաղաքական նկատառումներով: «Հայտնի բլոգեր է Էջմիածնում, տարիներ շարունակ քննադատել է «Քաղաքացիական պայմանագրին», հիմա էլ մեզ է աջակցում, այսպիսով փորձում են վախի մթնոլորտ ձևավորել՝ հասկանալով, որ պարտվելու են Վաղարշապատում», - նշեց Թևանյանը:

Մի քանի օր առաջ էլ «Մայր Հայաստան»-ի առաջնորդը հայտնել էր, որ իրավապահները քրեական գործ են հարուցել իրենց ցուցակի առաջին ու երկրորդ թեկնածուների դեմ, որ նախկին համայնքապետեր են եղել:

Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները նոյեմբերի 16-ին են:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG