Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը վաղը ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։ Ֆուտբոլի ակադեմիայում այսօր նախ մարզվեց Պորտուգալիայի հավաքականը, ապա Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը։
«Մենք գործ ունենք լուրջ մրցակցի հետ, լուրջ հավաքականի հետ, այս հավաքականը եվրոպական մակարդակի լավագույններից մեկն է: Մենք ամեն ինչը հասկանում ենք, բայց մենք ունենք մեր պլանը. այնպես չի, որ իրենք չունեն իրենց թույլ կողմերը, այո, դրանք քիչ են, բայց իրենք ունեն: Մենք կաշխատենք օգտագործել այդ թույլ կողմերը և աշխատենք փակենք իրենց այն ուժեղ կողմերը, որ իրոք դրանք կան։ Կփորձենք դաշտում մենք էլ մեր հարցերը լուծենք», - նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Անակնկալներ սպասվո՞ւմ են, լրագրողները հետաքրքրվեցին Մելիքյանից:
«Սյուրպրիզ կլինի մրցակցին, թե՝ ոչ, կարծում եմ՝ այո: Մենք լավ վերլուծել ենք, կրկնում եմ՝ ունեն թույլ կողմեր, կկարողանանք օգտագործել այն, ինչ մենք պլանավորել ենք։ Վաղը կտեսնենք: Պատրաստվել ենք։ Ես միշտ դրսից եմ տեսել մեր հավաքականին, հիմա արդեն՝ ներսից, տեսնելուց հետո, աշխատելուց հետո, ավելի շատ վստահ եմ, քան որ դեռ չէի նշանակվել, այս տղաների հետ կարելի է գնալ ճանապարհ, ես իրենց հավատում եմ։ Վաղը՝ ինչ կստացվի, չեմ կարող ասել, որովհետև բարդից բարդ է պատկերացնել, գուշակել հաշիվը, ելքը և խաղը, բայց համոզված եմ, որ պետք է տեսնենք փոփոխություն խաղի մեջ, նվիրվածության, մոտեցման մեջ», - պատասխանեց մարզիչը:
Հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասաց՝ թիմում լավ մթնոլորտ է, խստապահանջ մարզիչ ունեն, վաղվա խաղում պատրաստ են ներդնել առավելագույն ջանքերը:
«Մենք բոլորս գիտենք, որ Պորտուգալիան աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է, սակայն սա ֆուտբոլ է, և մենք պետք է ցույց տանք մեր բնավորությունը», - հայտարարեց Սպերցյանը:
Հայաստանի հավաքականն ուժեղ է հակագրոհներում, ասում է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը։
«Մենք հնարավորություն ունեցել ենք ուսումնասիրել Հայաստանի հավաքականի հանդիպումները, կարող ենք ասել, որ բավականին վտանգավոր թիմ է, որը հուսալի է պաշտպանվում և կարողանում է կազմակերպել վտանգավոր հակագրոհներ, բացի այդ՝ ունի ֆուտբոլիստներ, որոնք առանձնանում են իրենց անհատական բարձր որակներով: Մենք պատրաստ ենք այդ ամենին և կփորձենք հակախաղ գտնել այդ թիմի դեմ», - նախաղաղային ասուլիսի ժամանակ հայտարարեց Դիաշը:
Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն էլ ասաց. - «Պետք է նշել, որ մեկ թիմը մյուսի նկատմամբ առավելություն չունի, քանի որ նույն իրավիճակում են, նույն պայմանները ունեն: Ես կնշեի որ կփորձենք որոշ տակտիկական խնդիրներ լուծել, բացի այդ՝ բարելավել ֆուտբոլիստների անհատական որակները, և, իհարկե, կփորձենք դաշտում լինել Պորտուգալիան և ցույց տալ ուժեղ բնավորություն»։
Այսօր Հայաստանի գլխավոր մարզչին «Ազատություն»-ը հարց ուղղեց նաև իր և Ֆեդերացիայի հարաբերությունների մասին, թե արդյոք տևական ժամանակ եղած տարաձայնություններն այլևս անցյալո՞ւմ են, և թե ինչպե՞ս են համագործակցելու՝ խնդիրները լուծելու համար:
Մելիքյանն ասաց, որ պատրաստ է թեմայի վերաբերյալ խոսել, սակայն՝ առաջիկա խաղերից հետո, ընդգծելով. - «Խաղերից հետո խոսենք ինչից ուզում եք, ես պատրաստ եմ։ Կարող եմ միայն մի բան ասել՝ ամեն ինչ նորմալ է, չեմ տեսնում խնդիր, որ ներսում, կամ ֆեդերացիայում, կամ այլ տեղ ինձ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան, բոլորն ուզում են ինձ օգնել, որ իմ և թիմի մոտ ամեն ինչ լավ լինի: Դա ինձ համար կարևոր է»։